«Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» համերգը նվեր է Ֆրանսիային. Ջոնաթան Լաքոթ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մարտի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով համերգը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ հնչեցին Կլոդ Դեբյուսիի, Մորիս Դյուրուֆլեի, Օլիվյե Մեսիանի, Գաբրիել Ֆորեի, Ֆրանսիս Պուլենկի ստեղծագործությունները: Որպես մենակատարներ ելույթ ունեցան Նաիրա Հովհաննիսյանը (մեցցո սոպրանո), Սուսաննա Աբրահամյանը (մեցցո սոպրանո), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):
Միջոցառման մեկնարկին ելույթի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը, որը նշեց՝ երկուսուկես տարի առաջ Հայաստանը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը՝ հյուրընկալելով ամբողջ աշխարհից եկած 85 պատվիրակության, նրանց նվիրելով մի գեղեցիկ տոն: Նրա խոսքով՝ այդ միջոցառումը Հայաստանի համար շատ մեծ հաջողություն էր:
«Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը մշտապես եղել են ֆրանկոֆոնիայի գործընկերներ: Եվ ես նրանց շնորհակալություն եմ հայտնում այս երեկո այս համերգը մեզ նվիրելու համար և Հայաստանում ֆրանկոֆոնիան և ֆրանսիական մշակույթը տոնելու համար»,- նշեց Ջոնաթան Լաքոտը:
Դեսպանն ընդգծեց, որ ֆրանկոֆոնիան ֆրանսերենը որպես ընդհանուր լեզու կիսելն է. ֆրանսախոս կարելի է լինել ի ծնե, իսկ հայերի դեպքում՝ սրտով: Բայց բացի լեզվից ֆրանկոֆոնիան նաև մշակույթի հանդեպ ուշադրությունն է, ցանկությունը պաշտպանել մեր մշակույթը, բայց նաև տարածել և կիսվել նրանով: Եվ հենց այդ ավանդույթն այսօր շարունակում են Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը: Դեսպանն առանձնահատուկ շեշտեց՝ այս համերգը գեղեցիկ նվեր է Ֆրանսիային:
Համերգն անցավ ջերմ մթնոլորտում՝ հանդիսատեսի հոտնկայս ծափերի ներքո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում