Նոնա Պողոսյան. Ես տուն չդարձա ձեր կռվից, Տղերք…

Նոնա Պողոսյան. Ես տուն չդարձա ձեր կռվից, Տղերք…

#
…Պատերազմի ետևից շրխկոցով փակեցի կյանքը`
փշուր-փշուր եղավ …
Կռացա հավաքելու`
ձեռքերս արնոտվեցին փամփուշտներից…
Լցրեցի գրպաններս,
որ անզորությունս չտեսնեն հանկարծ…
Բառերիս վրա
հույսեր նկարեցի,
որ ձյուներով քայլող մարդիկ
մայրանան երազանքներից…
Պատերազմի ետևից շրխկոցով փակեցի կյանքը…
Ու չգիտեմ, թե երբ նորից
կբացեմ ինձ…

#
Ձայները` կարկամ,
հույզերը` խռիվ,
քամու բեկորներ` լցված քունքերիս…
Այս փետրվարը կարմիր է ձնել
ու ես հալվում եմ մահվան ցրտերից…
Այս ոչմիտեղը ինձ չի վարանել
ու լուռ փախուստ է ամեն վերադարձ…
Բառերն անհայտից
նորից վեր հառնել
լուռ լափլփում են շուրթեր աննահանջ…
Ձայները` կարկամ,
հույզերը` խռիվ,
այրված ճնճղուկներ` լցված քունքերիս…
Ես ոնց շոշափեմ Ցավն այս տարագիր,
երբ ոչ մի սպի չկա ձեռքերիս…

#
Տղերք, օ՜, տղերք…
Ինչքան գեղանի թևեր
էլ երբեք
ձեր բազուկների տաք քամիներից
չեն շնկշնկալու…
Ու ես այս արնոտ ձմեռվա կեսին
կանգնել եմ մոլոր
Աստծո ճամփեքին,
որ որդեգրեմ բոլոր չծնված այն զավակներին,
որոնք մնացին
խանձարուրներում խրամատների…

#
Ես տուն չդարձա ձեր կռվից,
Տղե՛րք…
Բաց ասում են` մեկն ինչ-որ ինձ իբր գտել է
ձեր մայրերի սպասման հեռուներից մերկ…
Ես տուն չդարձա ձեր բախտից,
Տղե՛րք…
Ու մարդիկ երբեք էլ ինձ չտեսան
այն աշուններում,
որտեղից կռիվն այս ճամփեցի ձեզ…

#
… Վերևում մեկն ինչ-որ
հուշիկ կբացի երկնքի դուռը…
Ներքևում`
բզկտված հողի վրա նստած
աղջիկը փոքրիկ`
գրկած իր վառված տիկնիկը,
հանկարծ ուժգին կգոռա.
– Տուն արի, հայրի՛կ ….
Ու նռնենիները կծաղկաթափվեն
նոյեմբերի ցամաքած կրծքերի վրա…

#
Պատերազմը գիշերով
շան պես վնգստում է`
հոտոտելով մեկ-մեկ հուշերս վառոդե…
Ես նրա երախում պառկել եմ քնելու
ու արնահոտից խելագարվում եմ…

#
…Ձեր Ալլահը մեռնում է
նկուղում քնած փոքրիկ աղջկա
սառած ափի մեջ…
Իմ Աստված կանգնել է
ձեր նողկության դիմաց
ու չի հասկանում,
թե ոնց փրկի ձեզ…

#
… Այս գիշերում չբեր
սխրանքների կարմիր
ձյուները հագել
նորից բարձրանում եմ
որդիներն` ի վեր,
երկինքներն` ի վեր
ու մայրերն` ի վեր,
որ Աստծուն փրկեմ…

…Բազալտետարափ
սարսուռների մեջ
Եռաբլուրի,
դողդոջ ձեռքերս ՝
ծառաներ մի-մի,
տառապանքների
փոշին են սրբում
Աստծո աչքերից…
… Այս գիշերում չբեր
սխրանքների կարմիր
հալոցքներն հագել,
խելագարվում եմ…

#
1.
Գիշեր է`
երկիրս գլուխը դրել է արճճե բարձին…
Իմ հիշողության սերմնացանները
պոռնկաբարո այս պատերազմի
սերմերն են տանում`
գցելու հողին
անմարդաբնակ խղճի տարածքի…

2.
Գիշեր է`
Հրանոթները երկինք են նետում նզովքն արճճե
ու դավերն ամուլ այրվում, մոխրանում են
բիբլիացեղ հողին,
ուր ժամանակը հիշատակության
նոր տարածքներին
(ես հաստատ գիտեմ)
կռիվ է տալու
ապաշխարության նորոգումի հետ…

3.
Գիշեր է`
երկիրս գլուխը դրել է արնոտ երախի,
տղերքն ընկնում են հերոսի մահով,
տղերքը, որ երազ էին, գարուն էին, խինդ…
Ու տաք է նորից Մահ Իմացյալի
շապիկը արնոտ` այնքան բաղձալի,
որ հավերժության սառած բիբերում
արևներ գրկած մի խենթ պատանի
ձեռքը պարզել է, որ բռնի նորից
բոլոր գույները ծիածանների…

4.
Գիշեր է`
Երկիրս գլուխը դրել է ժեռքարի մի չոր,
ու սխրանքներից ծաղկել են նորից
քունքերը նրա…
Վաղը պատմության դասագրքերը կխմբագրվեն
տղերքով բոսոր,
վաղը կթնդամ հաղթության ժամին`
իբրև երազանք…

#
Միակ բանը, որ պատերազմից հետո
թանկացավ ահավոր`
երջանկությունն էր…
Ու ես որոշեցի
գնալ ապրելու այն փողոցի վրա
ուր երազներն իմ կերակրում էի
հաղթանակների հոգեպահուստով…

Աղբյուր՝ Granish.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում