Աստվածաճանաչողության մասին
Նմանատիպ
Աստծո գոյության թեման աշխարհայացքային և մարդկային կյանքի գլխավոր հարցն է: Մարդիկ կամ հավատում են, կամ ոչ: Իսկ թերահավատության պատճառները կարող են լինել շատ տարբեր, սկսած կրոնական գիտելիքների բացակայությունից, մինչ բարոյականության զգացումի մթագնում:
Սակայն անկախ հանգամանքներից մարդկային թերահավատության գլխավոր հիմքն այն է, որ մարդն ապրում է նյութական և ֆիզիկական աշխարհում, որտեղ ամեն ինչ տեսանելի և շոշափելի է, և այս իրականության մեջ ապրող մարդը սովոր է տեսնել ու հասկանալ միայն այն ամենը, ինչը շոշափելի է: Մինչդեռ Աստված ոչ նյութական իրողություն է̀ տարածությունից և ժամանակից դուրս:
Հիմնվելով զգայությունների և բանականության վրա՝ մարդը չի կարող ճանաչել Աստծուն: Աստծո գոյության հարցը մշտապես եղել է մարդուն տանջող ամենակարևոր հարցը, որը ցայտուն երևում է նաև արվեստի, ճարտարապետության, քանդակագործության, գեղանկարչության և երաժշտության ամենանշանակալի ստեղծագործություններում, որոնք այս կամ այն կերպ կապված են Աստծո որոնումների հետ:
Իսկ ահա հնագույն ժամանակաշրջանում ապրող մարդիկ բնության բոլոր ուժերը՝ որոտը, կայծակը, քամին կամ փոթորիկը նույնացնում էին Աստծո հետ: Աստծո մասին որևէ գաղափար չունենալու մեկ այլ ցավալի դեպք էր նաև, երբ մարդիկ իրենց համար ստեղծում էին աստվածության կերպարներ, որոնց օժտում էին սեփական հատկանիշերով ու որակներով՝ սիրով ու ցասումով, նյարդայնությամբ կամ նախանձով:
Եթե Աստծո վերզգայական աշխարհը անհասանելի է մարդու համար, ապա մի՞թե Աստված չի կարող լույս սփռել մարդկային հոգուն և բացահայտել ճշմարտությունը: Ավետարանը տալիս է այս հարցի հստակ պատասխանը: Իհարկե կարող է, քանզի այն «ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծո համար հնարավոր է» (Ղուկ. 18.17):
Սակայն այս դեպքում ծնվում է մեկ այլ մեծ հարց՝ արդյո՞ք մենք պատրաստ ենք ճանաչել Աստծուն, արդյո՞ք ցանկանում ենք ընդառաջ քայլել նրան: Այստեղ որոշում կայացնելուց առաջ պետք է հասկանանք, որ Աստծո կամքը մեզ կյանքի վերադարձնելն է: Նա հանուն մեզ հաղթեց մահին և թույլ տվեց մասնակցել Իր՝ հավիտենական կյանքին: Այս ամենից հետո, կարծում եմ, մեզ դժվար չի լինի որոշում կայացնել և Աստծո հետ անհնարինը հնարավոր դարձնել:
Արմեն Չաքմիշյան
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում