«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բոլոր ժամանակների մեր բանաստեղծը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 20-րդ դարի վերջին մեծ բանաստեղծը՝ Համո Սահյանը, ծնվել է 1914 թ. Զանգեզուրի Լոր գյուղում, նախնական կրթությունն ստացել է այն նույն դպրոցում, որտեղ ուսուցիչ էր եղել իր մեծ հայրենակիցը՝ Ակսել Բակունցը: Տասներեք տարեկանում մեկնել է Բաքու, ստացել միջնակարգ կրթություն, ապա ընդունվել եւ ավարտել Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը: Երկու տարի աշխատել է տեղի «Խորհրդային գրող» ամսագրում՝ որպես գրական աշխատող: Որպես Կասպիական նավատորմի նավաստի՝ մասնակցել է երկրորդ աշխարհամարտին: Պատերազմի ավարտից մեկ տարի առաջ Ստեփան Զորյանի հրավերով եկել է Երեւան, բնակվել նրա տանը: Եվ անվանի գրողի օգնությամբ էլ հրատարակել է իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» խորագրով: Պատահական չէր Զորյանի ուշադրությունը երիտասարդ բանաստեղծի հանդեպ՝ Սահյանի տողերում նա տեսել էր ապագա անզուգական պոետին: Գրողի սրտացավ վերաբերմունքին ի պատասխան՝ բանաստեղծը ձոներգով է արձագանքել.
Դուք հոր նման խիստ եք եղել
Ու հոր նման՝ ներող,
Ձեր խորհուրդը խորն է եղել,
Ու խրատը՝ գերող…
Բանաստեղծի առաջին իսկ գրքում երեւակվում է դավանաբանական ընդհանուր ուղղվածությունը՝ ռեալիստական գուներանգներ, բնապատկերի գեղանկարչական ընկալում, խոսքի կառուցման ժողովրդական-բանահյուսական սկզբունք: Հաջորդ՝ «Առագաստ», «Սլացքի մեջ», «Ծիածանը տափաստանում», «Բարձունքի վրա», «Նաիրյան դալար բարդի» ժողովածուներում ավելի են ընդլայնվում սահյանական պոեզիայի թեմատիկ ընդգրկումների հորիզոնները: Սակայն նրա ստեղծագործական թռիչքի երկրորդ շնչառությունը բացվում է «Մայրամուտից առաջ», «Քարափների երգը», «Տարիներս» գրքերով, որոնք նոր սկիզբ էին իր ստեղծագործության մեջ. բանաստեղծի քնարերգությունը հարստանում է նոր եւ թարմ արտահայտչաձեւերով, բանաստեղծության ավանդական կառույցներն առանձնանում են պատկերային նոր մտածողությամբ, զորանում է բանաստեղծի կապն իր հոգեւոր արմատների հետ: Այս ժողովածուներում նա արդեն գեղագետ-փիլիսոփա է.
Եվ հոգնաշավիղ աշխարհների մեջ,
Ինչ կանչերով էլ ականջս շահեն,
Ինչ սերերով էլ սիրտս պաշարեն,
Ինչ համերով էլ կաշառեն լեզուս՝
Շաղոտ շուրթերով շարականաշուք՝
Քո շշուկներն են կրկնելու նորից…
Այսպիսին է «իր սարերին թիկնած» բանաստեղծի կապը ծննդավայրի, իր արմատների հետ, որոնցից սնուցվում էր իր ողջ պոեզիան…:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում