Աստվածային կարեկցանք

Աստվածային կարեկցանք

«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի ձեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան ինչպես խոտ»: Եսայի 51:12

Խորը և անմխիթար վշտի պահերին միայն Տիրոջ մեջ կարող ենք մխիթարություն որոնել և գտնել: Բոլոր նրանք, ովքեր անցել են դժվար փորձությունների միջով, փորձառությունից գիտեն, թե որքան անզոր են եղել այդ րոպեներին մարդկանց խոսքերն ու մխիթարանքները: Մեզանից շատերը, եթե ոչ բոլորը, զգացել են ի վերուստ տրված զորեղ մխիթարություն՝ ցավով լցված մեր սիրտը փափկեցնող, մեզ համար անհասկանալի ու անբացատրելի:

Հիշենք Փրկչի երկրային կյանքից այն դեպքերը, երբ Նա տառապյալների մխիթարիչն էր: Նա մխիթարում էր, թե որպես Ամենակարող Աստված և թե որպես մարդ, ում հասկանալի են առօրյա հոգսերն ու վշտերը: Որպես Աստված՝ Նա վերադարձնում էր ողբացողներին նրանց, ում մահը խլել էր իրենցից. Այդպես, Նաին քաղաքում ապրող այրուն վերադարձրեց իր միակ որդուն, ում մահը խլել էր նրանից, հարություն տալով պատանուն. Հայրոսին վերադարձրեց 12-ամյա դստերը. Մարթային և Մարիամին՝ սիրելի եղբայր Ղազարոսին:

Այս ամենակարող սփոփանքի հետ մեկտեղ Նա նաև մարդկայնորեն մխիթարեց՝ ցույց տալով մեզ այն միջոցը, որով մենք էլ կարող ենք օգնել մեր մտերիմներին, մեղմելու հոգսը և թեթևացնելու տառապանքը: Բոլորի համար հասանելի այս սփոփանքը անկեղծ է և խորը, տառապյալ եղբայրների վշտերին կարեկից: «Եվ Հիսուս արտասվեց…» (Հովհաննես 11:35). ահա այս երկու բառերի մեջ է արտահայտվում կարեկցանքի ողջ զորությունն ու ջերմությունը, որով պարուրված էր Փրկչի սիրով լի սիրտը: Այս խոսքերի միջոցով ուղի է բացվում մեր առջև, թեթևացնելու և մեղմելու ուրիշի վիշտը, որը մենք անզոր ենք վերացնել:

…Վստահ լինենք, որ մահվան վարագույրը արդեն պատռվել է խաչյալ և հարուցյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից, որն Իր մահով հաղթեց մահվանը: Պողոս առաքյալը հաղթանակած աղաղակել է. «Ո՞ւր է ով մահ, քո խայթոցը, ո՞ւր է, ով գերեզման, քո հաղթությունը» (Ա Կորնթացիս 15:55):

Որքան ցավ ապրեց մեր երկիրը այս վերջին ժամանակներում: Ականատես եղավ մարդկային վշտին, նաև՝ զարմանալի կամքին ու վստահությանը, թե մահը վերջը չէ, և այդ ժամանակավոր բաժանումը պարտավորեցնում է ողջերին ապրել և արարել այս համընդհանուր ցավի մեջ, վշտակից և կարեկից լինել միմյանց հանդեպ: Եվ մինչ մենք այստեղ վիշտ ենք ապրում, Տերը արտասվում է մեզ հետ միասին, Նա գալիս է մեզ մոտ, որպեսզի «մեզ որբ չթողնի» (Հովհաննես 14, 18), իսկ մեզ ուղարկում է մխիթարելու նրանց մոտ, ում չէինք կարող հասկանալ, եթե ինքներս չտառապեինք:

Գայանե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

Հետևեք մեզ նաև Telegram-ում