Րաֆֆի Մովսիսյանի «Ժամանումը» դեբյուտային ֆիլմն ընդգրկվել է Կրակովի ՄԿՓ-ի մրցութային ծրագրում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ամենահին և հեղինակավոր կինոփառատոններից մեկի՝ Կրակովի ՄԿՓ-ի այս տարվա մրցութային ծրագրում առաջին անգամ ներկայացվելու է հայկական կինոնկար՝ «Ժամանումը», որը Րաֆֆի Մովսիսյանի ռեժիսորական դեբյուտային աշխատանքն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնը 2021-ին անցկացվելու է մայիսի 31-ից հունիսի 6-ը, որի շրջանակում տեղի կունենա «Ժամանումի» համաշխարհային պրեմիերան, ինչպես նաև չորս հաջորդող ցուցադրում:
Րաֆֆի Մովսիսյանը լայն հանրությանն ավելի հայտնի է իբրև կինոքննադատ, որն այժմ վարում է իր հեղինակային «Չտեսնված կինո» հաղորդաշարը Հանրային հեռուստաընկերությամբ:
Ֆիլմը պատմում է արտագնա աշխատանքից Ամանորը ընտանիքի հետ նշելու համար իր հարազատ գյուղ վերադարձող տղամարդու մասին, որին տանը սպասում են մայրը, կինն ու երեխաները: Կարճ ժամանակ անց նա հասկանում է, որ կորցրել է ընտանիքի գլխավորի իր դիրքը և հարազատներից իրեն բաժանող հեռավորությունը լոկ ֆիզիկական չէ:
Ֆիլմն արտադրվել է «Կինոկետ Փրոդաքշնս» ընկերության կողմից՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Պրոդյուսերը Վարդան Հակոբյանն է, օպերատորը՝ Անդրանիկ Սահակյանը: Գլխավոր դերերում են հայտնի դերասաններ Շանթ Հովհաննիսյանը, Արթուր Մանուկյանը և Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը:
Փառատոնում ընդգրկվելու կապակցությամբ սկսնակ ռեժիսոր Րաֆֆի Մովսիսյանը նշել է. «Մեծ պատիվ է վաթսունմեկամյա փառատոնի մրցույթային ծրագրում հայտնվելը՝ հատկապես դեբյուտային աշխատանքով: Մեր կարճամետրաժները կարծես թե դառնում են հայ ժամանակակից կինոյի այցեքարտը. վերջին մի քանի տարվա ընթացքում հայկական վեց կարճամետրաժ ֆիլմ է ընդգրկվել այնպիսի հեղինակավոր փառատոների մրցութային ծրագրերում, ինչպիսիք են Մոսկվայի, Սարայեվոյի, Կլերմոն Ֆերանի, Աննեսիի փառատոնները, հիմա էլ՝ Կրակովում: Սա դրական միտում է, և վկայում է հայկական կինոյում սերնդափոխության մասին»:
Կրակովի փառատոնը տվել է իր համաձայնությունը համաշխարհային պրեմիերայից առաջ Հայ կինոյի օրվա առիթով մեկ բացառիկ ցուցադրություն իրականացնել Երևանում, որը տեղի կունենա ապրիլի 16-ին ժամը 15:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում