Մարտիրոս Սարյանը՝ հայկական հուշարձանների պաշտպան
Նմանատիպ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Այդ օրը կազմակեպվում են տարբեր միջոցառումներ: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կազմակերպվող միջոցառմանը կլուսաբանվի Մարտիրոս Սարյանի գործունեությունը, կներկայացվեն նամակներ, հոդվածներ, լուսանկարներ: Մուտքը՝ թանգարանի տոմսերով:
«Մ. Սարյանը այցելել է իր նախնիների հողը՝ միջնադարյան մայրաքաղաք Անին, 1902 թվականին: Այդ ժամանակից ի վեր միտքը, որ պետք է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի պահպանել դեռևս կանգուն մնացած հայ ճարտարապետության բեկորները, չէր դադարում անհանգստացնել նկարչին: «Դեպի Անի» իր հոդվածում նա գրում էր. «Ամբողջ դարեր են անցել այդ աշտարակների, պարիսպների, տաճարների վրայով, անթիվ գնդակներով ու նետերով են վիրավորել այդ հսկաները… Բայց ժամանակն ավելի անգութ է: Նա անշշուկ, սակայն և անընդհատ, քայքայում է այդ անխնամ թողնված դարևոր հուշարձանները:
Այն, ինչ որ մարդիկ չեն կարողացել քանդել, ժամանակն է լրացնում: Կգա՞ արդյոք այն օրը, երբ թանկագին բեկորները միացնող ու խնամող կգտնվի և ապագա սերնդին վկայական կթողնի Անիի անցյալ փառքից»:
Հետագայում՝ արդեն Սովետական իշխանության օրոք, Մ. Սարյանը դարձավ Հուշարձանների պահպանության կոմիտեի ստեղծման նախաձեռնողը և գլխավորեց դրա առաջին աշխատանքները: Մեկ տարի անց այդ գործը նա փոխանցեց Ալեքսանդր Թամանյանին: Հետագա տարիներին, ստանալով հերթական ահազանգ սպառնացող վտանգի մասին, նա անհապաղ բարձրացնում էր իր հեղինակավոր ձայնը, նամակներ ուղղում Լ. Բերիային, Գ. Ալիևին, Մ. Հուսեյնովին, Լ. Բրեժնևին թե Ռուսաստանում, թե Արցախում, թե Նախիջևանում գտնվող հայկական եկեղեցիների փրկության համար»,- կարդում ենք միջոցառման մասին տեղեկացնող ֆեյսբուքյան էջում:
Աղբյուր` Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում