«Կյանքում ամենադժվար բանը սեփական «ես»-ը չկորցնելով՝ մյուս մարդկանց հետ հարմոնիկ հարաբերություններ հաստատելն է
Նմանատիպ
Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների հավաստմամբ՝ Tet-a-Tet նախագծի համերգներին պատրաստվում են բծախնդրորեն
Այս հոդվածի «մեղավորը» օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարների եւ առաջատար երաժիշտների մասնակցությամբ կայացած Tet-a-Tet նախագծի հերթական համերգին ներկա հանդիսատեսն էր։ Ականջալուր եղանք նրանց խոսքին, որ իրավացիորեն փաստում էին, թե ֆիլհարմոնիկը վերջին շրջանում, բացի ամենուրբաթյա երեկոներից, կարեւորում եւ ավանդաբար անցկացնում է կամերային համերգներ Լուիզ Մանուկյան-Սիմոնի սրահում, համերգասրահի ճեմասրահում եւ հանդիսատեսի մասնակցությամբ հենց բեմահարթակում, ինչի հետեւանքով երաժիշտները գերծանրաբեռնված են աշխատում, որը կարող է անդրադառնալ նրանց առողջության վրա։
Tet-a-Tet նախագծի ղեկավար Անահիտ Բարխուդարյանը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ ֆիլհարմոնիկի երաժիշտները իսկապես հաճույքով են մասնակցում կամերային համերգներին, որի ժամանակ հանդիսատեսը հնարավորություն է ունենում ճանաչել երաժիշտներին անհատապես եւ բացահայտել նրանց անհատականությունը որպես արտիստ։ «Մասնավորապես՝ Tet-a-Tet-ի համերգներին հանդիսատեսին հնարավորություն է ընձեռվում գտնվել այն վայրում՝ բեմահարթակում, որտեղ ըստ էության ծնվում է երաժշտությունը։ Այս նախագիծը միտված է նոր շունչ հաղորդել հանդիսատես-արտիստ հարաբերություններին»,- ասաց տիկին Բարխուդարյանը։
Մենք էլ նշենք, որ ֆիլհարմոնիկի երաժիշտների մասնակցությամբ հաճախակի կամերային համերգները սկիզբ առան համավարակով պայմանավորված սահմանափակումների ժամանակ, երբ արտիստները ելույթ էին ունենում առցանց՝ կամերային կազմով, որը վարում էր ֆիլհարմոնիկի հասարակայնության հետ կապերի ղեկավար Աստղիկ Դալլաքյանը։
Նշենք նաեւ, որ ֆիլհարմոնիկը, իհարկե, ոչ այդ հաճախականությամբ, հանդիսատեսին հրավիրել է նաեւ կամերային երեկոների։ Ի դեպ, հանդիսատեսը փաստել է նաեւ, որ կամերային երեկոներին հնչում են մեզանում հազվադեպ կատարվող երկեր, ինչպես նաեւ առաջին անգամ ներկայացվում է անհայտ կոմպոզիտորների գործեր։
Զրույցի հրավիրեցինք համերգին մասնակից երկու երաժշտի՝ նվագախմբի ֆլեյտահարների խմբի կոնցերտմայստեր Նարեկ Ավագյանին եւ երկրորդ ջութակահարների խմբի փոխկոնցերտմայստեր Անի Կարապետյանին։
«Լինելով նվագախմբի երաժիշտ, դա ինձ համար առաջին հերթին նշանակում է ունենալ գործընկերներիս հետ անսամբլում նվագելու բարձր մշակույթ։ Մեծ հաշվով կամերային երաժշտություն հնչեցնելիս մենք նույն բանն ենք անում՝ ինչ նվագախմբում, պարզապես ավելի փոքր կազմով։ Համոզված եմ՝ կյանքում ամենադժվար բանը սեփական «ես»-ը չկորցնելով՝ մյուս մարդկանց հետ հարմոնիկ հարաբերություններ հաստատելն է, ինչին երաժիշտներս փորձում ենք հնարավորինս կատարյալին հասնել կամերային երաժշտության միջոցով։ Ասեմ, դա միշտ չէ, որ հեշտ է ստացվում, բայց ստացվելու դեպքում բոլորս վայելում ենք կյանքի ամենակախարդական պահը»,- հայտնեց ֆլեյտահարը։
Անդրադառնալով համերգին հնչած ստեղծագործություններին, իսկ դրանք միայն Բախի ստեղծագործություններից էին, մեր զրուցակիցն ասաց. «Բախն ինձ համար մարդկային մտքի եւ մաքրագույն էմոցիաների արտացոլումն է։ Ըստ իս՝ Բախի ժամանակակիցները եւ դրանից հետո ծնվածները՝ մենք, բախտավոր ենք, որ հնարավորություն ունենք ցանկացած պահի վայելել նրա աստվածային երաժշտությունը։
Լսեցիք կոմպոզիտորի երկերից, օրինակ՝ Բրանդենբուրգյան Թիվ 3 կոնցերտը, որը գրված է լարային նվագախմբի փոքր կազմի համար (կոնցերտների այս հայտնի շարքը գրվել է հավանաբար 1721թ. եւ վարկած կա, որ այն հեղինակի կենդանության օրոք չի կատարվել- Ս.Դ.)։ Այս եւ հեղինակի փոքր կազմերի համար գրված ստեղծագործություններում հաճախ նա համադրել է այնպիսի գործիքներ, որոնք կարծես անհամադրելի են, օրինակ՝ շեփորն ու բլոկ ֆլեյտան»,- նշեց ֆլեյտահարը։ Հավելեց նաեւ, որ նվագախմբի երաժիշտները մեծ պատասխանատվությամբ եւ բծախնդրությամբ են պատրաստվում կամերային երեկոներին։
Խնդրանքին՝ պարզաբանել, թե ինչով է բացատրվում բծախնդրությունը, նա ասաց հետեւյալը. «Կամերային համերգների, այդ թվում՝ Tet-a-Tet-ի մասնակիցներիցս յուրաքանչյուրը կատարվելիք ստեղծագործությանը վերաբերող մեծ թվով գրականություն է ուսումնասիրում, լսում մեծ թվով կատարումներ եւ փնտրում նոր արտահայտման ձեւեր։ Մի բան էլ. ընտրում ենք հանճարների լավագույն եւ համեմատաբար քիչ կատարվող ստեղծագործությունները, հիմնականում բարոկ եւ դասական շրջանի, աշխատելով հնարավորինս աուտենտիկ կերպով դրանք հասցնել ունկնդրին, ինչը Հայաստանում անկասկած նորարարություն է»։
Ջութակահար Անի Կարապետյանն էլ համոզված է, որ ֆիլհարմոնիկ նվագախմբում կատարելով բացառապես սիմֆոնիկ ստեղծագործություններ, կարծես կորցնում ես անհատական մոտեցումդ, իսկ պարբերաբար անդրադառնալով կամերային երաժշտությանը, քեզ կարողանում ես դրսեւորել որպես մենակատար եւ արտահայտվել ինչպես անհատ։ «Բախն ինձ համար ամենա-ամենա կոմպոզիտորն է, նա այն հիմնասյունն է, որի ստեղծագործություններից է գոյացել հետագա երաժշտությունը։ Օրինակ, նրա Բրանդենբուրգյան կոնցերտները համարվում են բարոկ դարաշրջանի լավագույն նվագախմբային ստեղծագործությունները։ Իսկ, օրինակ, այս երեկոյի ընթացքում հնչած նրա 3-րդ կոնցերտը մասնագետները հաճախ անվանում են լարային կվարտետի նախատիպը, քանի որ Բախն այստեղ օգտագործել է բացառապես լարային գործիքներ»,- ասաց ջութակահարը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում