Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանությունը
Նմանատիպ
Լիտվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանության երկրորդ, ընդլայնված հրատարակությունը՝ նվիրված Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին։
Լիտվացի հայտնի պոետ, դրամատուրգ Սիգիտաս Գեդայի թարգմանությամբ պոեմը հանրության դատին է ներկայանում Նյու Յորքի «Սուրբ Ներսես» հայկական ճեմարանի հայագիտության պրոֆեսոր, աստվածաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Աբրահամ Տերյանի՝ հատուկ լիտվերեն հրատարակության համար գրված նախաբանով և Մատենադարանի ավագ գիտաշխատող Արուսյակ Թամրազյանի կողմից հեղինակած վերջաբանով։
Գրքում տեղ են գտել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատուն-թանգարանի կողմից տրամադրված Գրիգոր Նարեկացու և Պոեմի առանձին հատվածների պատկերով տասներկու մանրանկարներ՝ վերցված հայկական միջնադարյան ձեռագիր մատյաններից։
Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանության երկրորդ հրատարակության ամենամեծ առանձնահատկությունը գրքին կից աուդիոգիրքն է․ պոեմի գլուխներն ընթերցվում են լիտվացի երեք հայտնի դերասանների՝ Վլադաս Բագդոնասի, Վիտաուտաս Ռումշասի և Ալդոնա Բրոնիսլավա Դաուսիենեի կողմից, որն ուղեկցվում է հայկական միջնադարյան և հոգևոր երաժշտությամբ` յուրաքանչյուրն առանձին, յուրօրինակ աուդիո խմբագրմամբ, որի ընդհանուր տևողությունը 12 ժամ է։
Լիտվացի ընթերցողը հնարավորություն ունի գրքի աուդիոտարբերակն ունկնդրել ինչպես գրքում ներդրված սկավառակի, այնպես էլ՝ յուրաքանյուր գլխի վերջում տեղադրված հատուկ արագ արձագանքման՝ QR կոդի միջոցով։
Գրքի հավելվածում տեղ են գտել հայտնի լիտվացի գրող, թարգմանիչ Էդուարդաս Մեժելայտիսի և մեծ հայագետ, թարգմանիչ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Մարիտե Կոնտրիմայտեի կողմից արված Նարեկացու թարգմանություններից հատվածներ։
Ապրիլի 15-ին ՀՀ դեսպանությունում տեղի ունեցած միջոցառման ընթացքում դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Գրիգոր Նարեկացու կյանքն ու գործունեությունը, «Մատյան ողբերգության» պոեմի բացառիկությունն ու համամարդկային արժեքը և հավելել, որ 2015 թվականի Ֆրանցիսկոս Պապը Գրիգոր Նարեկացուն շնորհել է Տիեզերական եկեղեցու վարդապետի բարձր տիտղոս, որին կաթոլիկ եկեղեցու 1700-ամյա պատմության ընթացքում արժանացել են ընդամենը 36 մեծագույն սրբեր և աստվածաբաններ։
Դեսպան Մկրտչյանը նշել է, որ 2018թ․ ապրիլին Վատիկանի այգիներում հանդիսավորությամբ բացվել է Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը, իսկ 2021 թվականի հունվարի 25-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը այսուհետ նշվելու է որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։ Դեսպանը եզրափակել է, որ Գրիգոր Նարեկացին կարող է դառնալ մեկ այլ և շատ ամուր կամուրջ հայերի և լիտվացիների միջև․ ժողովուրդների, ովքեր փայփայում են իրենց պատմական և կրոնական ժառանգությունը:
Քանի որ Լիտվան առաջինն է աշխարհում 30 տարի առաջ ճանաչել Հայաստանի անկախությունը և Հայաստանն առաջինը Լիտվայի հետ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, դեսպան Մկրտչյանը նշել է, որ անհրաժեշտ էր բացառիկ ձեռնարկով նշել այդ տարեդարձները, և հայերի համար սուրբ մասունք համարվող գրքի հրատարակումը, որը նաև նման արժեք ունի կաթոլիկ աշխարհի համար այժմ, լավագույնս կարող է արտահայտել այդ տարելիցների խորհրդանշական կարևորությունը։
Դեսպան Մկրտչյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել լիտվական «Օդիլե» հրատարակչության տնօրեն Նիյոլե Կուոլիենեին սուրբ գրքի տպագրության պատասխանատու գործը հանձն առնելու, ինչպես նաև լիտվացի կինոռեժիսորներ Գիեդրիուս Զուբավիչյուսին և Աուդրիուս Ստոնիսին գրքի աուդիոտարբերակը ստեղծման աշխատանքները համակարգելու համար։
Դեսպան Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բալթյան թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին և Լիտվայում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Պետար Ռայիչին հրատարակությանն աջակցելու և ողջույնի խոսք տրամադրելու, ինչպես նաև Վիլնյուսի արքեպիսկոպոս և Լիտվայի եպիսկոպոսական համաժողովի նախագահ Գինտարաս Գրուշասին՝ ծրագրին սատարելու համար և հավելել, որ սա Հայաստանի և Լիտվայի, Հայաստանի և Վատիկանի, Հայ Առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու համագործակցության փայլուն օրինակ է:
Ներկայացնելով նախաձեռնության գլխավոր աջակիցներին՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ գրքի այս, իրավամբ եզակի տարբերակը կյանքի չէր կոչվի առանց Վիլնյուսում ՀՀ պատվավոր հյուպատոս, բժիշտ Կարապետ Բաբայանի և Լիտվայի հայերի միության նախագահ Արայիկ Թունյանի աջակցության։
Եզրափակելով իր խոսքը՝ դեսպանը նշել է, որ Սբ. Գրիգոր Նարեկի իմաստնության ուղերձները իր «Մատյան ողբերգության» պոեմում համընդհանուր են և հավերժ արդիական։ Դեսպանը հույս է հայտնել, որ լիտվացի ընթերցողը կվայելի այս գիրքը առաջին իսկ հպումից:
Միջոցառման ընթացքում խոսքով հանդես են եկել Լիտվայում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ և Լիտվայում դիվանագիտական կորպուսի դեկան, արքեպիսկոպոս Պետար Ռայիչը, Վիլյուսում ՀՀ պատվավոր հյուպատոս Կարապետ Բաբայանը, Օդիլե հրատարակության տնօրեն Նիյոլե Կուոլիենեն, աուդիո գրքի համակարգող Գիեդրիուս Զուբավիչիուսը։
Միջոցառման ընթացքում հնչել են լիտվերեն ընթերցումներից տարբեր կտորներ, ինչպես նաև «Մատյանի» առաջին գլխի հայերեն տարբերակը, որը նույնպես ներառվել է աուդիո գրքում։ Գրիքը հասանելի կլինի վաճառքում ս․թ․ մայիսի երկրորդ կեսին։
Աղբյուր՝ 168.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում