Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Ռոստովում խորհրդանշական համերգ կկազմակերպվի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոստովի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ ելույթ կունենա Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված համերգով: Որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Զարինա Շիմանսկայան:
Համերգային երեկոն տեղի կունենա ապրիլի 24-ին Ռոստովի պետական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: Կհնչեն Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան և Առնո Բաբաջանյանի «Հերոսկան բալլադը»:
«Երկրորդ տարին անընդմեջ Ռոստովի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբն ինձ հրավիրում է համերգի: Ես մեծ ոգևորությամբ եմ մասնակցում այս նախաձեռնությանը, քանի որ Ռոստովում մեծ է հայկական համայնքը: Կարևոր է այն, որ համերգին պատմական տարիների մասին է խոսվում ոչ միայն հայ համայնքի, այլև ռուսների համար»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Դուրգարյանը:
Դիրիժորի խոսքով՝ համերգին հիշում են Հայոց ցեղասպանության դաժան տարիները, իսկ մյուս կողմից ցանկանում ընդգծել, որ անհրաժեշտ է վերածնվել, առաջ գնալ, հզորանալ:
Սա Դուրգարյանի և Զարինա Շիմանսկայայի առաջին համատեղ ելույթն է, դաշնակահարուհին առաջին անգամ է կատարելու Բաբաջանյանի «Հերոսական բալլադը»: «Այդ ստեղծագործությունը նրան ոգեշնչում է: Առաջին անգամ նվագելը մի բան է, երկրորդ անգամ նվագելը՝ այլ: Աշխարհում քիչ են երաժիշտները, որոնք հայ հեղինակների գործեր են կատարում, և այս համերգը կարևոր է նաև հայ երաժշտության պրոպագանդման տեսանկյունից, իսկ համերգի հանդեպ մեծ հետաքրքրություն կա»,- շեշտեց դիրիժորն ու հավելեց, որ նվագախմբի երկացանկում ընդգրկված են հայ կոմպոզիտորների գործերը, որոնք հնչում են ոչ միայն ապրիլի 24-ին, այլև այլ համերգների շրջանակում:
Անդրադառնալով առաջիկայում Հայաստանում հանդես գալուն՝ Կարեն Դուրգարյանն ասաց, որ մինչև Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը, որի գեղարվեստական ղեկավարն է, չի կարողանա ներկա լինել հայրենիքում:
«Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2021-ին գերծանրաբեռնված եմ Հայաստանից դուրս: Համավարակի պատճառով եվրոպական երկրներում նվագախմբերը հաճախ չէ որ ելույթ են ունենում, Ռուսաստանում տեղաշարժ կա. թատրոններն աշխատում են, իսկ մենք փորձում ենք առիթն օգտագործել հայ կոմպոզիտորների երաժշտությունը ներկայացնելու համար»,- եզրափակեց ՀՀ վաստակավոր արտիստը:
Անժելա Համբարձումյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում