Կենդանի Աստծու եկեղեցին՝ որպես սյուն և հաստատություն ճշմարտության
Նմանատիպ
«Եկեղեցին ամբողջ Հրեաստանում, Սամարիայում ու Գալիլիայում խաղաղության մեջ էր և, ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկյուղով, Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր» (Գործք 9:31):
Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այսօր տոնում ենք Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին, որը նվիրված է Քրիստոսի եկեղեցու հիմնահաստատմանը: Աստծու տունը, ինչպես ասում է Սուրբ Պողոս առաքյալը, Կենդանի Աստծու եկեղեցին է՝ սյուն և հաստատություն ճշմարտության (Ա Տիմոթեոս 3:15): Ինչպես գրում է հինգերորդ դարի պատմիչ Եղիշեն. «Եկեղեցիները ո՛չ թագավորի պարգև են, ո՛չ ճարտարարվեստների գործ, ո՛չ իմաստունների գյուտ, ո՛չ զինվորների քաջության ավար և ո՛չ էլ դևերի ստապատիր խաբեություն. այլև ինչ էլ որ ասելու լինի երկրավորներիցս, վեհ բաներից թե վատթարներից, ոչ մի տեղ նրանցից ամենևին եկեղեցի չի ստեղծվի: Այլ Մեծ Աստծու շնորհն է այն, որ տվել է ոչ թե մարդկանցից որևէ մեկին, այլ բոլոր բանական ազգերին, որոնց վիճակված է այս արեգակի ներքո բնակվել: Նրա հիմքը դրված է հաստատուն վեմի վրա. ո՛չ ներքևինները կարող են այն շարժել և ո՛չ էլ վերևինները դրդվեցնել: Իսկ ինչ որ երկինքն ու երկիրը չեն կարող խախտել, թող մարդկանցից ոչ ոք չխրոխտա հաղթել նրան»:
Եկեղեցին հիմնվեց և հաստատվեց աշխարհում Քրիստոսի աշակերտների տիեզերական քարոզչությամբ: Համբարձումից առաջ Տերն ուղարկեց նրանց քարոզելու բոլոր ազգերին. «Գնացեք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթեոս 28:19,20): Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզչության և Սուրբ Գրիգոր Լուսավորչի աղոթքների ու չարչարանքների շնորհիվ դրվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աներեր և անխախտ հիմքը:
Դարեր շարունակ մարդը մշտապես ելքեր է որոնել մաքրագործվելու, զանազան հոգևոր և ֆիզիկական ախտերից սրբվելու, չաստվածների բարեհաճությունը շահելու, չար ոգիներից ազատվելու և բարօրություն ապահովելու համար: Եվ այդ նպատակով նա դիմել է հմայական, ոգեպաշտական զանազան միջոցների՝ մարդկանց ու կենդանիներ զոհաբերելով: Իսկ մեզ՝ քրիստոնյաներիս համար այդ ճանապարհը և փրկությունը մկրտությունն է ու վերստին ծնունդը մեր մայր եկեղեցու արգանդից և Սուրբ Հաղորդությունը, որ է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը: Քանզի Հիսուս ասում է. «Եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծու արքայությունը մտնել» (Հովհաննես 3:5):
Եկեղեցին երբեք մեզ չի դատապարտում մեր մեղքերի համար, այլ կոչված է մեղանչական էությունից մեզ մաքրելու, մեզ չի՛ տարորոշում իրարից, ինչպես այս աշխարհը, Աստծու սիրով ընդունում և իր պաշպանության տակ է առնում բոլորիս՝ մեծ թե փոքր, առողջ թե հիվանդ, մենք եկեղեցի մտնում ենք աղտոտված, սակայն Սուրբ Պատարագի շնորհիվ դուրս ենք գալիս մաքրագործված: Քանի որ Աստծու Որդին շարունակաբար պատարագվում է առաքելադիր և առաքելահաստատ եկեղեցիներում՝ ի փրկություն ողջ մարդկության:
Մեր Տերը եկեղեցու սպասավորների վրա դրեց կապելու և արձակելու մեծագույն շնորհը, ուստի մենք ուրախ ենք, որ կարող ենք Քրիստոսի զոհաբերությամբ և շնորհով փրկություն ստանալ և ապաշխարության ու խոստովանության միջոցով թողություն ստանալ մեր մեղքերի համար, քանի որ Ինքը Տերն է ասում. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում: Եվ ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի երկնքում» (Մատթեոս 18:18):
Եկեղեցում է մարդ վերստանում աշխարհի բովում կորցրած իր խաղաղությունն ու անդորրը, եկեղեցին զորավիգ է լինում մեզ մեր տկարություններում: «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ», – ասում է Տերը (Մատթեոս 11:28):
Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ և կատարեց մարգարեների կանխասացությունը. «Տիրոջ Հոգին Իմ վրա է, դրա համար իսկ օծեց Ինձ, Ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու, և կույրերին՝ տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու» (Ղուկաս 4:18, 19): Ուստի Նրան հետևում էին բազում հիվանդներ, դիվահարներ՝ ակնկալելով բժշկություն, ապաքինում և փրկություն. «Եվ ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետև Նրանից մեծ զորություն էր դուրս գալիս և բժշկում բոլորին» (Ղուկաս 6:19): Այդպես էլ Աստծու եկեղեցին է պարգևում մեզ հավատ, հույս, սեր, մկրտություն, բժշկություն, մխիթարություն:
Բազմիցս մեր հայրերի կողմից եկեղեցին նմանեցվել է Նոյյան տապանին, որտեղ մտնելով՝ Նոյն իր ընտանիքի հետ փրկվեց ջրհեղեղից: Ավետարանական ընթերցվածքում էլ պատմվում է այն մասին, թե ինչպես Քրիստոս Իր աշակերտների հետ նավակի մեջ էր, և ծովի վրա փոթորիկ է բարձրանում: Քրիստոս ննջում էր, և Նրա աշակերտները սարսափած արթնացնում են Նրան. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, որովհետև կորչում ենք»: Նա վեր կացավ, սաստեց ծովին ու հողմերին, և խաղաղություն եղավ (Մատթեոս 8:23-27):
Այդպես էլ, սիրելինե՛ր, մենք պետք է ինքներս մեզ հանձնենք Քրիստոսի եկեղեցու փրկարար առաջնորդությանը, որովհետև մեր հոգիներն էլ Աստծու տաճար են, ինչպես ասում է Սուրբ Պողոս առաքյալը. «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ: Եթե մեկն Աստծու տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որը դուք եք» (Ա Կորնթացիներ 3:16, 17): Մենք պետք է հետևողական լինենք մեր հոգու տաճարը և մեր մայր եկեղեցին մաքուր և սուրբ պահելու հարցում: Թույլ չտանք, որ մեր հոգին, սիրտն ու միտքը լցվեն ապականությամբ ու մեղքերով: Ջանանք պայքարել մեր հոգու տաճարի մաքրության համար: Փորձության հորձանուտում արթնացնենք մեր մեջ ննջած Քրիստոսին, որպեսզի Նա խաղաղեցնի մեր հոգին, սաստի մեր կյանքի փոթորկալից հողմերին՝ հասցնելով մեզ կենաց նավահանգիստը:
Հայցենք Ամենակարող Աստծուց, որ հարատև կանաչ լինի սուրբ եկեղեցու պարտեզը, որպեսզի Քրիստոսի հարությամբ շարունակաբար ծաղկի և պտղաբերի, և նրանում հանգիստ փնտրողներն ու հոգու քաղցը հագեցնել ցանկացողները կարողանան ըմբոշխնել Երկնային Տիրոջ պարգևած բարիքները: Իսկ մեր հոգու տաճարը անվերջ բուրի Սուրբ Հոգու անուշահոտությամբ:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում