Էրդողանի թշնամին Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ է նշանակվել

Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ ռազմական կցորդ, գեներալ-մայոր Հասան Նեվզաթ Թաշդելերը շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ԱզերիՊրես»-ին հայտնի է դարձել ռազմական աղբյուրներից: Այդ պաշտոնում նա կփոխարինի գեներալ-մայոր Յուջել Քարայուզին:

Օգոստոսի սկզբին Թուրքիայի բաձրագույն ռազմական խորհրդի որոշմամբ Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ռազմական կցորդ Յուջել Քարայուզը նշանակվել է Քըրըքքալեում ցամաքային ուժերի թիկունքային հրամանատարությանը մատակարարելու գծով վարչության պետ:

Մինչ Ադրբեջանում ռազմական կցորդ նշանակվելը Հասան Նեվզաթ Թաշդելերը հանդիսացել է Թեքիրդաղի 3-րդ զրահադիվիզիայի հրամանատարը: Ավելի վաղ նա եղել է Իգդիրում սահմանային գնդի հրամանատարը:

Ադրբեջանում Թուրքիայի նոր ռազմական կցորդը «Էրգենեկոն» դատական գործով ցմահ բանտարկության դատապարտված Թուրքիայի ԶՈւ դոկտրինայի եւ ուսմունքի հրամանատարության ղեկավար, բանակի գեներալ Հուսեին Նուսրեթ Թաշդելերի կրտսեր եղբայրն է: Ինչպես երեւում է’ Անկարան Հասան Նեվզաթ Թաշդելերին աքսորել է Բաքու, քանի որ նրա եղբայրը հանդիսանում է Թուրքիայում 2003 թ-ին կառավարության հեղաշրջման փորձի մասնակից եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թշնամի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում