Ազգային պատկերասրահում բացվեց նոր Հաղպատի և Սանահինի վանական համալիրների մասին ցուցահանդես
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ապրիլի 20-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «ՍԱ-ՆՐԱՆԻՑ-ՀԻՆ» խորագրով ցուցահանդեսը, որի հիմնական թեմաներն են Հաղպատի և Սանահինի վանական համալիրները:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես մարդկության ստեղծած բացառիկ արժեքներ ընդգրկված միջնադարյան այս վանական համալիրները կառուցվել են հայկական հոգևոր ճարտարապետության ծաղկման շրջանում և դարձել միջնադարյան Հայաստանի հոգևոր և գիտալուսավորչական կարևորագույն կենտրոններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման արարողությունից առաջ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:
Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի
«Այս հուշագիրը մեր կառույցների համագործակցության սկիզբն է: Վստահ եմ, որ յուրաքանչյուրս կղզիացած չենք կարող շատ բան անել, սակայն միասնական ուժերով ամեն ինչ հնարավոր է: Շատ եմ կարևորում կերպարվեստի և կինոարվեստի համատեղ ցուցադրումը»,- նշեց Հակոբյանը:
Շուշանիկ Միրզախանյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ «ՍԱ-ՆՐԱՆԻՑ-ՀԻՆ» խորագրով ցուցահանդեսում ներկայացված է Սերգեյ Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմի վերջնական տարբերակ չմտած կադրերն ամփոփող եզակի ինստալացիան:
«Ֆիլմի ստեղծվելուց հետո, բավականին մեծ քանակությամբ նեգատիվ ժապավեններ չէին թվայնացվել ու վերականգնվել: Դրանց հիմնական մասը նախկինում չի մտել մոնտաժված ամբողջական տարբերակի մեջ: 2018 թվականից սկսած Ազգային կինոկենտրոնը լեհական ընկերություններից մեկի հետ սկսեց վերականգնման աշխատանքները»,- նշեց Միրզախանյանը և հավելեց, որ հետագայում Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ինստալացիոն այլ ցուցադրություններ նույնպես կունենան:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի էկինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանն ընդգծեց, որ «Նռան գույնը» ֆիլմում տեղ չգտած կադրերը, որոնք այժմ ներկայացված են Ազգային պատկերասրահում, առնչվում են հայկական տարբեր հուշարձանների հետ՝ Հաղպատ, Սանահին, Ախթալա, Քոբայր: «Այդ տեսարաններից արվել է կոմպիլյացիա, որը ներկայացնում է, թե ինչպես է Փարաջանովը վերաիմաստավորել միջնադարյան ճարտարապետությունը»,- ասաց Գալստյանը:
Ցուցադրության հիմնական մասն են կազմում նաև Արշակ Ֆեթվաճյանի՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանում 1900-1919 թթ. շրջագայությունների ընթացքում բացառիկ ճշգրտությամբ ստեղծված հայկական եկեղեցիների ու տաճարների ճարտարապետական մանրամասերի և զարդաքանդակների անկրկնելի մատիտանկար-վավերագրերը:
Դեռևս 1920-1922 թթ. Լուվրի Դեկորատիվ արվեստների և Լոնդոնի հանրահայտ Վիկտորիա և Ալբերտ թանգարաններում, Բրիտանական Ճարտարապետների արքայական ակադեմիայի ինստիտուտում և այլուր ցուցադրված ու «հայտնություն դարձած» ճարտարապետական այս գծանկարներն այսօր Հայաստանում ցուցադրվում են առաջին անգամ:
Վիրտուոզ վարպետությամբ արված մատիտանկարները ներկայացնում են վանական հայտնի համալիրների սյուներն ու խոյակները, զարդագոտիներն ու որմնազարդերը, վարդակներն ու լուսամուտները: Ցուցահանդեսում ներկայացված են նաև Հ. Շամշինյանի, Ե. Թադևոսյանի, Փ. Թերլեմեզյանի գեղանկարչական աշխատանքները և Ռ. Բեդրոսովի, Վ. Այվազյանի, Հ. Ալխազյանի գրաֆիկական թերթերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում