Ադրբեջանցի քաղաքագետ. Մոսկվան վերականգնեց Ադրբեջանի նկատմամբ իր վերահսկողությունը
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն, մեկնաբանելով Ադրբեջանում աշնանը տեղի ունենալիք նախագահական ընտրությունների շեմին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցի արդյունքները, հայտարարել է, որ «Ռուսաստանն Ադրբեջանին դրեց իրենից կախյալ վիճակի մեջ»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական մամուլի հետ զրույցում Գուլուզադեն ասել է, որ նախընտրական Ադրբեջանն ունի Ռուսաստանի աջակցության կարիքը: «Օգտվելով տեղի ունենալիք նախագահական ընտրութուների առիթից’ Մոսկվան վերականգնեց Ադրբեջանի նկատմամբ իր վերահսկողությունը: Նախընտրական իրավիճակում Ադրբեջանն ունի Ռուսաստանի մեծ աջակցության կարիքը: Ռուսաստանը պահանջներ ներկայացրեց Արեւմուտքի սառը վերաբերմունքի առաջ եւ ծանր իրավիճակում հայտնված Ադրբեջանին: Բաքուն էլ ընդունեց դրանք»,- հայտարարել է Գուլուզադեն:
«Ռուսաստանը ցանկանում է, որ Ադրբեջանը մշտապես կախյալ վիճակում լինի իրենից: Մենք էլ կախյալ վիճակում ենք»,- ասել է նա:
Քաղաքագետը նախագահական ընտրություններից առաջ Պուտինի այցը Բաքու գնահատել է որպես աջակցություն Ադրբեջանի իշխանությանը:
«Իրականությունն այն է, որ Ադրբեջանում ընտրությունների վրա արտաքին ուժերի ազդեցությունն անհերքելի է: Այդ ազդեցությունը մեծ է’ Ադրբեջանի ժողովրդի պասիվության պատճառով»,- նշել է ադրբեջանցի քաղաքագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում