Ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ակադեմիական երգչախումբն ու օպերային աստղերը կկատարեն Վերդիի «Ռեքվիեմը»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, համագործակցելով Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի, օպերային աստղեր Ռուզան Մանթաշյանի, Օլեսյա Պետրովայի, Լիպարիտ Ավետիսյանի, Եվգենի Ստավինսկու հետ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Երևանում կներկայացնի Վերդիի «Ռեքվիեմը»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա ապրիլի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Լրագրողներն ապրիլի 22-ին հնարավորություն ունեցան մասնակցել համերգի փորձին, զրուցել նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ:
Թոփչյանն ասաց, որ ամեն տարի համերգ են նվիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ կատարելով տարբեր հեղինակների ռեքվիեմներ: Այս անգամ անդրադարձել են Վերդիի «Ռեքվիեմին»: Նա տեղեկացրեց, որ ապրիլի 23-ի գիշերը Ծիծեռնակաբերդում՝ բացօթյա հարթակում կատարելու են այս ստեղծագործությունը, սակայն ապրիլի 25-ին էլ Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնեն «Ռեքվիեմը», որպեսզի իրենց կատարած աշխատանքն առավել ցայտուն երևա, հաճույք ստանան Վերդիի գերհանճարեղ գործից: «Կարծում եմ՝ մարդկությունն այս ստեղծագործությունից առավել լավ բան չի ստեղծել, և այն ավելի քան համահունչ է ապրիլի 24-ի խորհրդին»,- շեշտեց Թոփչյանը:
Խոսելով մենակատարների մասին՝ դիրիժորն ասաց, որ նրանց հետ հաճախ է աշխատել և շատ է սիրում, գնահատում մեներգիչներին: «Ռուզան Մանթաշյանն իր փառահեղ, գեղեցիկ ձայնով ու կատարյալ երգեցողությամբ է միացել մեզ: Մեզ է միացել Օլեսյա Պետրովան, որը մեծագույն երգչուհի է: Բոլորն են հրաշալի արտիստներ: Լիպարիտը, որն ըստ իս Վերդիի «Ռեքվիեմը» պատմության մեջ բոլորից լավ է երգում և Եվգենի Ստավինսկին, որը հրաշալի բաս է, հանրահայտ, փորձառու երաժիշտ: Մեծ բավականություն է նման երաժիշտների հետ այսպիսի պատասխանատու ու կարևոր հարցը բարձրացնելը»,- շեշտեց Էդուարդ Թոփչյանն ու հավելեց, որ մեներգիչները մշտապես հաճույքով են համագործակցում նվագախմբի հետ, սիրում են Հայաստանը: Թոփչյանը պատմեց, որ Պետրովան ինչ-որ փաստաթուղթ ստորագրելիս նշել է, որ ամուսնանում է ամբողջ հայ ժողովրդի հետ:
Ֆիլհարմոնիկը վաղուց է աշխատում նաև մաեստրո Հովհաննես Չեքիջյանի հետ: Թոփչյանի խոսքով՝ այդ փաստից շահում են և՛ նվագախմբի երաժիշտները, և՛ հայ երաժշտասեր հասարակությունը: «Չնայած իր պատկառելի տարիքին, Չեքիջյանը ղեկավարում է կապելան ու կարողանում է միշտ կարգուկանոն պահպանել երգչախմբում, որն անընդհատ աճում է: Շնորհակալ եմ մաեստոր Չեքիաջյանին, որ միշտ մեր կողքին է»,- նշեց դիրիժորը:
Դիրիժորի համոզմամբ՝ ամեն հայ երեխա ծնվում է Հայոց ցեղասպանության ցավը սրտում: «Մենք չենք դադարում ցեղասպանվել, պակասել, կորցնել: Ես ուզում եմ, որ այլևս ոչ մի հայ պատերազմներում, մարտերում չզոհվի: Երկրում պետք է ապրել, և բոլոր հայերը պետք է այնպես ապրեն Հայաստանում, որ օտար երկրներում բնակվող հայրենակիցներն էլ վերադառնան: Մեզ թվում է, որ ինչ-որ բանի համար պետք է զոհվել: Ոչ մի հայ չպետք է զոհվի այլևս»,- եզրափակեց նա:
Մեներգչուհի Ռուզան Մանթաշյանը խոստովանեց, որ նվագախմբում շատերն են իրեն հարազատ, իսկ երգչախմբում ունի ընկերներ, համակուրսեցիներ: Երգչուհին «Ռեքվիեմի» կատարումը խորհրդանշական է համարում: «Այն ինձ համար ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև վերջին պատերազմի զոհերի հիշատակին է նվիրված: Հուզական ելույթ է, բայց աշխատում ենք ամուր լինել»,- նշեց Մանթաշյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում