«Կուզեի, որ արվեստագետը մեր երկրում գնահատվեր այնպես, ինչպես Եվրոպայում»

«Կուզեի, որ արվեստագետը մեր երկրում գնահատվեր այնպես, ինչպես Եվրոպայում»

Ասում է թավջութակահար Արտյոմ Իոաննիսյանը:

Խաչատրյանի անվան տրիոյին, որը հիմնադրվել է 1999թ., առանձնապես ներկայացնելու հարկ չկա ոչ միայն հայաստանցի, այլեւ արտերկրի հանդիսատեսին։ Տրիոն բարձրարվեստ կատարումներով հանդես է եկել Ռուսաստանում, Մերձբալթիկայում, Եվրոպայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում, ինչպես նաեւ արեւելյան երկրներում։ Վերջին տարիներին կոլեկտիվը զբաղվում է նաեւ լուսավորչական գործունեությամբ՝ վարպետության դասեր անցկացնում Հայաստանի մարզերում, էլ չխոսենք տրիոյի թողարկած CD-ների մասին, որոնցում ներկայացված են ոչ միայն հայ դասականների՝ Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի կամերային ստեղծագործություններն, այլեւ Չայկովսկու, Արենսկու, Շոստակովիչի եւ այլ մեծանուն ստեղծագործողների երկեր։

«Առավոտը» ներկա էր այս տարվա փետրվարին կայացած տրիոյի համերգին։ 15 տարի տրիոն հանդես է եկել հետեւյալ կազմով՝ դաշնակահարուհի Արմինե Գրիգորյան, ջութակահար Կարեն Շահգալդյան, թավջութակահար Կարեն Քոչարյան։ Անակնկալի եկանք, երբ թավջութակահարի «դերում» երիտասարդ Արտյոմ Իոաննիսյանն էր։ Այդ առիթով Արմինե Գրիգորյանն ընդամենն ասաց, որ պատճառը համավարակն է։ Համերգին հետեւեց տրիոյի հյուրախաղերը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվա, Չելյաբինսկ, Պետրոզավոդսկ եւ այլն։

Խաչատրյանական տրիոն Մոսկվայում

Կոլեկտիվը վերջերս է վերադարձել եւ մենք զրույցի հրավիրեցինք երիտասարդ թավջութակահարին, որի անունը՝ որպես տաղանդավոր երաժշտի, առայժմ հոլովվում է մասնագիտական շրջանակներում, թեեւ Արտյոմ Իոաննիսյանի ելույթներին՝ իբրեւ մենակատար, հանդիպել ենք ֆիլհարմոնիկի, սիմֆոնիկի, կամերային նվագախմբերի հետ, ինչպես նաեւ հայաստանյան մրցույթներում, այդ թվում՝ Ավետ Գաբրիելյանի եւ Սարգիս Ասլամազյանի անվան։ Երիտասարդը Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի ավարտական դասարանում է, ուսանում է Գայանե Ռաֆայելյանի ղեկավարությամբ։ Զրույցի ընթացքում պարզեցինք, որ երաժիշտը անցյալ տարի՝ մինչ համավարակի պատճառով աշխարհի «փակվելը», փետրվարին մասնակցել է Ավստրիայում կայացած Աննա Կուլի անվան միջազգային մրցույթին, իսկ մինչ այդ՝ «Կլայպեդա» մրցույթին, Գերմանիայում էլ նախնական լսումներ անցնելով՝ մոտ մեկ ամիս մասնակցել է «Moritzburg» փառատոնային նվագախմբի համերգներին։ Թավջութակահարը խնդրեց իր երախտիքի խոսքը հայտնել Խաչատրյան տրիոյի երաժիշտներին՝ իրեն նման պատվի արժանացնելու համար։ «Սա մեծ փորձ էր, մեծ պատասխանատվություն՝ նման երաժիշտների հետ համագործակցելը եւ, իհարկե, մեծ հաճույք»,- նշեց Արտյոմը։

Քանի որ կուլիսներում շատ է խոսվում, թե հայաստանյան երաժշտական կոլեկտիվները իրենց ծրագրերում մեծ տեղ են հատկացնում համաշխարհային երաժշտական օլիմպիայում վաղուց իրենց տեղը գտած հեղինակների երկերին՝ անտեսելով մեր դասականներին, հետաքրքրվեցինք, թե ռուսաստանյան տուրնեին ի՞նչ ծրագրով է հանդես եկել տրիոն։ «Հանդես եկանք Դվորժակի, Բեթհովենի, Ալեքսեյ Շորի տրիոների մեկնաբանություններով, նաեւ Խաչատրյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի որոշ ստեղծագործությունների փոխադրումներով տրիոյի համար եւ ներկայացրինք մեր ժամանակակից Միխայիլ Կոկժաեւի տրիոն։ Ի դեպ, Շորի ստեղծագործությունը համաշխարհային պրեմիերա էր»,- տեղեկացրեց Արտյոմը։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երիտասարդը դպրոցն ավարտելուն պես պատրաստվում է ուսումը շարունակել Եվրոպայում, ինչը չհերքեց մեր զրուցակիցը։ «2017-18 թվականները վարպետության դասընթացների եւ ելույթների առումով առանց չափազանցության հագեցած էին ինձ համար։ Ուկրաինայում մասնակցեցի ArtCello փառատոնին, վերջինիս շրջանակներում վարպետության դասերին եւ ունեցա մենահամերգների շարք։ Այնտեղ ծանոթացա Ժնեւի եւ Բեռնի բարձրագույն երաժշտական դպրոցների պրոֆեսոր Բենիս Սեվերինի հետ, ում հետ բարեկամական եւ ստեղծագործական կապը շարունակվում է մինչ օրս։ Այո, դպրոցն ավարտելուն պես կմեկնեմ Շվեյցարիա՝ մաեստրոյի մոտ ուսանելու նպատակով»,- ասաց թավջութակահարը։ Դիտարկմանը՝ ստացվում է, որ մեր տաղանդների արտահոսքը, որը մեծ հաշվով սկսվել է շուրջ 30 տարի առաջ, ունի սկիզբ եւ ոչ վերջ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Գնում եմ, բայց ոչ ընդմիշտ հեռանում։ Ցանկացած առիթ բաց չեմ թողնի եւ կգամ հայրենիք հյուրախաղերի։ Կուզեի, որ արվեստագետը մեր երկրում գնահատվեր այնպես, ինչպես Եվրոպայում։ Խնդրում եմ ասածս չընկալել միայն ֆինանսական առումով…»։

Հարցին՝ ի վերջո հաջողությունների հասել է Հայաստանում ստացած կրթության շնորհիվ, թե՞ տաղանդի կամ աշխատասիրության…, Արտյոմ Իոաննիսյանն ընդամենն ասաց. «Մեր երաժշտական դպրոցներում կրթությունն իսկապես բարձրակարգ է, իսկ ինչ վերաբերում է ինձ, այդ ամենին հասել եմ սիրելով եւ լիարժեք տրվելով իմ գործին»։

Երիտասարդը անդրադառնալով տրիոյի գործունեությանը, նշեց, որ իրենց հաջորդ բեմելը մայիսի 9-ին է, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում