Արցախ աշխարհն իր ամբողջ հմայքով ներկայացվելու է «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսում

Արցախ աշխարհն իր ամբողջ հմայքով ներկայացվելու է «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկարները, Շուշիում տպագրված առաջին գրքերը, Արցախում ստեղծված ձեռագրերն ու գորգերը ներկայացված են «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսում, որը Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բաց կլինի ապրիլի 25-ից:

Մինչ ցուցահանդեսի բացումը «Արմենպրես»-ի թղթակիցն ու լուսանկարիչը հնարավորություն են ունեցել շրջել ցուցասրահում, լուսանկարել և զրուցել ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն, ցուցահանդեսի համակարգող, դեսպան Վահե Գաբրիելյանի հետ, ում լուսանկարների շուրջ կառուցված է հիմնական ցուցադրությունը:

Նա տեղեկացնում է, որ ընդգրկել է լուսանկարներ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվից, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից, Մաշտոցի անվան Մատենադարանից: Ներառվել են նաև Դավիթ Հակոբյանի, Դավիթ Ղահրամանյանի, Լևոն Եպիսկոպոսյանի, Փոլ Մելորի, Սասուն Դանիելյանի, Անուշ Ղավալյանի, Վահրամ Թաթիկյանի և Վլադիմիր Գևորգյանի աշխատանքներից:

Գաբրիելյանը ցուցադրված իր լուսանկարները նկարել է 2006-ից 2019 թվականներն ընկած ժամանակահատվածում՝ պարբերաբար և հաճախակի վավերագրելով Արցախի կյանքը:

«Մենք փորձել ենք ցույց տալ մեր ժառանգությունը լայն ներկապնակով: Լուսանկարների թեմաները տարբեր են. ցուցադրված է այն ամենը, ինչը փաստում է, որ Արցախը ունի պետականության երկար պատմություն և եղել և կա հայկական պետություն: Ներկայացված են Արցախի հարյուրից ավելի ամրոցներից մի քանիսի, միջնադարյան կամուրջների մի փոքր մասի նկարներ: Բնականաբար ներկայացված են հայտնի վանքերի ու եկեղեցիների մի զգալի մասը, նաև՝ աշխարհիկ ճարտարապետության նմուշներ: Արցախի թանգարաններից շատերը՝ Շուշիի բոլոր թանգարանները, Հադրութի թանգարանը դժբախտաբար անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, կորցրել ենք բազմաթիվ և մեծարժեք թանգարանային արժեքներ, տարիների ընթացքում ստեղծված հավաքածուներ, որոնք ներառում են թե՛ պետական, թե՛ մասնավոր նվիրատվություններ: Վտանգված են շատ կարևոր հնագիտական վայրեր՝ Տիգրանակերտը, Ազոխի և Քարինտակի քարանձավները և այլն»,-շեշտում է Գաբրիելյանն ու հավելում, որ ինչպես 100 տարի առաջ, Թուրքիայում հայերի ցեղասպանությունից հետո, այնպես էլ այժմ՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիայից հետո մեր ժառանգությունը վտանգված է: Դա է պատճառը, որ ցուցահանդեսը կոչվում է «Վտանգված ժառանգություն. Արցախ»:

Վահե Գաբրիելյանի խոսքով՝ պետք է միասնաբար ջանքեր գործադրել և պայքարել, որ մեր բնիկ հայկական ինքնությունն արտացոլող ժառանգությունը չվնասվի, պահպանվի, անխաթար մնա: «Մենք տեսնում ենք, և որոշ օրինակներով ցույց ենք տվել, թե ինչ է պատահում ադրբեջանցիների իշխանությանն անցած արժեքների հետ: Որպես քաղաքացի, որպես հայ և մեր՝ որպես ԱԳՆ աշխատակիցների, դիվանագետների պարտքն է մեր հարուստ ժառանգության անվտանգության ապահովման հարցը բարձրաձայնել և մշտապես պահել ուշադրության կենտրոնում՝ թույլ չտալով, որ մեր ստեղծած արժեքները կորչեն»,-նշում է դիվանագետ լուսանկարիչը:

Գաբրիելյանը տեղեկացնում է, որ ցուցահանդեսը նախատեսում է ներկայացնել նաև արտերկրում:

Ցուցահանդեսն ուղեկցվում է մեծ էկրանների վրա մի քանի վտանգված արժեքների՝ Դադիվանքի, Ծիծեռնավանքի, Ղազանչեցոց եկեղեցու, Տիգրանակերտի, Կատարոյի վանքի, ինչպես նաև Գանձասարի և Մայրաբերդի մասին հակիրճ տեսահոլովակներով:

«Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ ԱԳՆ-ին կից գործող Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի շրջանակներում։ Այն բաց կլինի ապրիլի 25-ից մինչև մայիսի 2-ը:

Անժելա Համբարձումյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում