Աստվածային հայտնության մասին
Նմանատիպ
Աստվածային հայտնության և Աստծո փառքի մեծագույն վկան աշխարհն է, արարչությունը: Եվ բանականությամբ օժտված յուրաքանչյուր մարդ այն ուշադիր ուսումնասիրելով չի կարող չզարմանալ այն ներդաշնակությամբ, գեղեցկությամբ, որոնք առկա են երկրի վրա գոյություն ունեցող ամեն ինչում՝ մոլեկուլից սկսած մինչև գալակտիկաներ:
Մարդիկ, ովքեր անկարող են տեսնել բանական սկիզբը աշխարհի, տիեզերքի, բացատրում են դիպվածի հանգամանքով ̀ հավաստիացնելով, որ ինքնաբերաբար է ստեղծվել մեր հրաշագեղ աշխարհը: Այս տեսակետի պատճառը մեր աշխարհում բանական սկզբի որևէ տեսանելի աղբյուր չգտնելն է: Արդյունքում ստացվում է, որ բանական աշխարհը կա, իսկ բանականության աղբյուրը՝ ոչ:
Իրականում այդ աղբյուրը ոչ թե գոյություն չունի, այլ պարզապես դուրս է մեր երկրային սահմաններից: Եթե մերժում ենք Աստծո գոյությունը, հրաժարվում ենք բանական սկզբի ցանկացած որոնումից, ինչի արդյունքում մենք պարզապես կընդունենք, որ իրապես աշխարհն արարվել է մի ինչ-որ մի պատահականությամբ:
Եկեղեցին մեզ ուսուցանում է, որ տիեզերքն աստվածային հայտնության մի մեծ գիրք է, և աշխարհը՝ Աստծո մեծության բնական վկայություն:
Սակայն տիեզերքի բացահայտման համար բնական այդ վկայությունը ոչ բոլորին է բավարար և հաճախ պատահում է այնպես, որ շրջապատող աշխարհի դիտարկումները մարդկանց հասցնում են տարբեր և հաճախ տրամագծորեն միանգամայն հակադիր եզրակացությունների: Ուստի՝ Տերը հաճեց մարդկանց տալ իր մասին ևս մեկ մեծ ավետիս՝ Իր մարդեղությամբ:
Փրկչի Հայտնության մասին խոսվել է դեռևս Հին Կտակարանում մարգարեների կողմից, և Նրա ծնունդից հետո այս լուրը փոխանցվել է սերնդեսերունդ: Այսպիսով, սերնդեսերունդ փոխանցվող Հայտնությունը կոչվում է Սրբազան Ավանդություն: Իսկ Ավանդության այն մասը, որը գրի են առել մարգարեներն ու առաքյալները՝ Սուրբ Գիրք:
Սուրբ Գիրքը պատմական փաստաթուղթ կամ ստեղծագործություն չէ, այլ Աստծո խոսքի ու կամքի հայտնությունն է, որը կարող է բացառիկ կերպով ներգործել մեր բանականության վրա:
Աստծո Խոսքն է իրականում լուսավորում է մեր կյանքը: Այլ հարց է, թե որքանով ենք պատրաստ ընդունելու այդ աստվածային Լույսը: Եվ եթե կարողանանք մի կողմ թողնել նյութական աշխարհում ընդունված կանոններն ու սեփական ԵՍ-ից հրաժարվելով՝ ընդառաջ գնանք դեպի այդ Լույսը, և մեր հոգիները լուսավորվեն, ապա իրապես երանելի կլինենք, քանզի Տերն ասում է. «Հավատացեք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք» (Հովհ. 12:36):
Արմեն Չաքմիշյան
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում