Ղրղըզստանի ուժայինները գրավել են Տաջիկստանի սահմանային կետը

Ղրղըզստանի ուժայինները գրավել են Տաջիկստանի սահմանային կետը

Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունը հաղորդել է, որ իր դիրքերը գնդակոծվել են տաջիկ զինվորականների կողմից: Կրակ է բացվել «Կոժոգար» և «Բուլակ-բաշի» սահմանային կետերի, ինչպես նաև «Կապչիգայի», «Մին-Բուլակ» և «Դոստուկը» սահմանային անցակետերի ուղղությամբ, վերջինս այրվել է: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Բաթկենի շրջանում կառավարության լիազոր ներկայացուցիչ Օմուրբեկ Սուվանալիևը ասել է, որ մարտական բախումներ են սկսվել Տաջիկստանին սահմանակից Ղրղըզստանի այդ շրջանի մեկ այլ հատվածում:

Ղրղըզստանի սահմանային ծառայության «Բորու» հատուկ նշանակության ջոկատը գրավել է Տաջիկստանում գտնվող «Խոջա Ալլոյի» սահմանային կետը:

Ղրղըզստանի սահմանային ծառայությունը հայտնում է նաև, որ երկու երկրներն էլ լրացուցիչ ռազմական ուժեր են կուտակում սահմանի ողջ երկայնքով:

Հինգշաբթի, ապրիլի 29-ին, Ղրղըզստանի ու Տաջիկստանի սահմանին իրավիճակը սրվեց, փոխհրաձգություն էր տեղի ունեցել երկու երկրների զինված ուժերի միջեւ: Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում էին լարվածության հրահրման մեջ:

Ղրղըզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ղրղզական կողմից փոխհրաձգության ընթացքում 17 մարդ վիրավորվել է, մեկը մահացել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում