«Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան հույսը դնել մարդկանց վրա» (Սաղմոսներ 117:8)
Նմանատիպ
Հույսն, ինչպես հավատը, առաքինություն է և մեր կյանքը երջանկությամբ լցնելու անբացատրելի զորություն ունի:
Շատ կարևոր է գիտակցելը, որ հույսը գիտելիք չէ, այլ ավելի շուտ կենդանի վստահություն, որ Տերը կկատարի մեզ տված Իր խոստումները: Այդ վստահությունը գալիս է մեր ներսից, Աստծո հետ հարաբերություններ կառուցելուց, երբ ամեն հարցում ապավինում ենք Նրա օգնությանը, Նրա կամքը համարում ենք ամեն բանից վեր. «Ցո՛ւյց տուր ինձ ճանապարհն այն, որով պիտի գնամ…, քանզի Քեզ իմ ապավենը դարձրի: Սովորեցրու ինձ կատարել կամքը Քո, քանզի Դու ես Աստվածն իմ» (Սաղմ. 142:8-10):
Հույսը ճշմարիտ ու իրական չէր լինի և մարդուն ուժ ու քաջություն չէր ներշնչի, եթե այն միայն սպասում լիներ: Եթե Աստված հույս է փայփայում, ապա ոչ ոք չպետք է իր հույսը կորցնի, քանի որ հույսը առաջ ընթանալու ուժն է: Այն ապագայի ու նոր կյանք սկսելու լավագույն դրդապատճառն է: Հույսն է, որ ստիպում է ապագայի հանդեպ հավատով լցվել, դժվարությունների ժամանակ չկոտրվել, այլ փորձությունների մեջ անգամ Աստծուն փնտրել ու Նրանով փրկություն գտնել:
Բոլորս էլ գիտենք, թե խարիսխ գցելը որքան կարևոր է փոթորկոտ նավարկության ժամանակ։ Եթե այն հասնում է ծովի հատակին, և ամուր մխրճվում է դրա մեջ, ապա հավանականություն կա, որ նավը սաստիկ փոթորկից չի վնասվի ու քամին չի կոտրի այն՝ զարկելով ափամերձ ժայռերին։ Այս նույն կերպ, եթե Աստծո խոստումները մեզ համար խարսխի պես հուսալի ու հաստատ են, ապա կարող են օգնել, որ փոթորկալից ժամանակներում ոգով ամուր մնանք ու չտատանվենք ամեն տեսակ «շարժումից»:
Ուստի, երբեք թույլ մի տվեք, որ հուսահատությունը պատի ձեր հոգին, քանզի հույսն առ Աստված պետք է առաջնորդի քրիստոնյային իր կյանքի ողջ ընթացքում:
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում