Սա դավաճանական պատերազմ էր. Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը. Հովհաննես Գալստյան
Նմանատիպ
Պատերազմի մասին զրույցները որքան բարդ են, նույնքան էլ անխուսափելի: Ինչպես դասեր քաղել պարտությունից, ինչպես առաջ շարժվել և շարունակել ստեղծագործել՝ անդավաճան մնալով սեփական անձին՝ «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցել ենք կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանի հետ:
Պարտվելն այդքան սոսկալի չէ, որքան պարտությունից դասեր չքաղելը
Պարտությունը անհատի կայացման ու մարդկության առաջընթացի կարևոր խթանիչներից է։ Հաջողակ մարդուն ձևավորում են իր սխալները։ Մարդկության ձեռքբերումները խարսխված են այդ ճանապարհին ունեցած սայթաքումների վրա։ Այսպիսով, որևէ մարդ, հասարակություն կամ պետություն պարտությունից ապահովագրված չէ։ Բայց պատերազմում պարտությունն օդից չի գալիս։ Դա շղթայական իրադարձությունների ողբերգական զուգորդում է, որի ամեն օղակի համար կան ուղիղ պատասխանատուներ, և որից պետք է դասեր քաղեն բոլորը։ Հիմա ես չեմ տեսնում, որ մարդիկ դասեր են քաղել պարտությունից։ Իսկ դա սոսկալի է։ Պարտվելն այդքան սոսկալի չէ, որքան պարտությունից դասեր չքաղելը։
Ես չեմ տեսնում, որ պատերազմը փոխել է մարդկանց։ Չեմ տեսնում, որ այսինչը պատերազմից առաջ այսպիսին էր, իսկ այս դառը հաբը կուլ տալուց հետո փոխվել է։ Բոլորն ամրապնդվել են իրենց մոլորություններում, դիրքավորվել այնտեղ, որտեղ պատերազմից առաջ էին։ Կոշտացել է հռետորաբանությունը, ավելացել է հայհոյանքը, սուտը, երկակի ճշմարտությունները դարձել են նորմ։ Հասարակությունը պարտությունից հետո ավելի վատն է դարձել։ Ու նրան այդպիսին դարձրել է ոչ թե պարտությունը, այլ այդ պարտության համար մեղավորների բացակայությունը։ Հետպատերազմյան անկումը հաղթահարելու միայն մեկ ճանապարհ կա՝ պարտության մեղավորները պետք է պատժվեն, պատիժը պետք է լինի համարժեք թույլ տված սխալներին։ Հասարակության առողջացման այլ ճանապարհ, կարծում եմ, չկա։
Ստեղծագործելու բանաձև չկա
Ոմանք ասում են, որ չեն կարողանում ստեղծագործել, ցավը, վիշտը, ամոթը թույլ չի տալիս։ Ստեղծագործելու բանաձև չկա։ Դա խիստ անհատականացված պրոցես է։ Ես հիմա ավարտում եմ իմ «Բէքսթեյջ» ֆիլմը, որի դեմ ՀՀ պետական երկու կառույց՝ ազգային կինոկենտրոնը և ԿԳՄՍ նախարարությունը, ամենաստոր մեթոդներով պայքարել են 4 տարի։ Սա Հայաստանի պատմության մեջ քրեական հետապնդման ենթարկված միակ ֆիլմն է, որն ավարտում եմ անհավանական ջանքերի, իմ ընկերների ու միջազգային գործընկերների շնորհիվ։ Նողկալի անարդարությունը, որ կատարվեց ֆիլմի հանդեպ, ոչ միայն չկոտրեց ստեղծագործելու իմ ցանկությունը, այլև դարձավ ֆիլմն ավարտելու, հարկատուների հաշվին գրասենյակներում վեր ընկած անգրագետ չինովնիկների հետույքները աթոռից պոկելու, նրանց անունները պատմության մեջ դաջելու լավագույն մոտիվացիան։ Իմ խորհուրդը երիտասարդներին միշտ մեկն է՝ երբեք մի վախեցեք ճշմարտությունը բարձրաձայնելուց։ Որքան դա հենց ձերն է, այդքան չունիվերսալիզացված է, այդքան դժվարամարս է, այդքան մեծ է մյուսների՝ ձեզ ընդդիմանալու գայթակղությունը, այդքան էլ մեծ են խոչընդոտները։ Բայց հենց դա է Ձեր առաքելությունը։ Ստեղծագործությունը Ձեր անհատական փորձառության արդյունքն է։ Գնացե՛ք առաջ։ Գնացե՛ք անվախ։ Մի՛ դավաճանեք ինքներդ Ձեզ։
Սա դավաճանական պատերազմ էր
Արցախյան երեք պատերազմներում իրար դեմ տարբեր երկրներ էին կռվում։ Ոչ մենք, ոչ մեր թշնամին նույնը չէինք։ 2020-ի պատերազմում մեր դեմ կռվում էին փողը, վարձկանները, տեխնոլոգիաները, բայց մենք պարտվեցինք պառակտվածության, եթե կուզեք՝ դավաճանության պատճառով։ Սա դավաճանական պատերազմ էր։ Մեր բանակը, ինչպես մեր հասարակությունը, կազմված էր ճկույթից, բութից, ցուցամատից, մատնեմատից ու միջնամատից, որոնք չէին կարող բռունցք դառնալ, որովհետև չէին կառավարվում մեկ կետից։ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո արդյունավետ պետական կառավարման ուղղաձիգից, ազգային արժեհամակարգից, մասնագիտական-մտավորական էլիտայից զրկված Հայաստանը զոհասեղանին դրված եղնիկ էր մեր դարավոր թշնամիների ու մեծ խաղացողների համար։ Եթե հղում անենք Մարկեսին՝ սա հայտարարված պարտության խրոնիկա էր, որի ելքը, ողբերգության այս կամ այն չափաքանակով, պարզ էր շրջահայաց բոլոր մարդկանց։ Իսկ իրականությունը գերազանցեց անգամ ամենավատ կանխատեսումները։
Ստեղծագործելու էությունը ստեղծելն է, արարելը։ Քաղաքականության էությունը՝ կիսելն է, տրոհելն ու տիրելը
Ստեղծագործողի ու քաղաքականության կապն այնքան է, որքան Արարչի և սատանայի կապը։ Իսկ քաղաքականությանը սպասարկող ստեղծագործողները նման են Գյոթեի ողբերգական կերպար գրբաց Ֆաուստին, ով դաշինք է կնքում սատանայի հետ՝ ծախելով հոգին։ Ստեղծագործելու էությունը ստեղծելն է, արարելը։ Քաղաքականության էությունը՝ կիսելն է, տրոհելն ու տիրելը։ Քաղաքական գործիչները, հատկապես իշխանության հասածները, կենդանական վախ ունեն արարողներից, քանի որ արարողները ի վերուստ շնորհ ունեն լուսավորելու մարդու միտքը, իսկ լուսավոր մտքով մարդուն անհնար է իշխել։ Ինձ համար իշխանությունը հրեշ է, իսկ հասարակության փրկությունը՝ հրեշին զսպաշապիկ հագցնելու աշխատող մեխանիզմ մշակելը։ Զուսպ քաղաքական գործիչները, հնարավոր է, աշխատեն հանուն հասարակության բարօրության։ Իսկ անզուսպ քաղաքական գործիչները պարազիտի նման սնվելու են անընդհատ աղքատացող հասարկության հաշվին, քամելու են նրա վերջին հյութերը, առանց ամոթի ու երախտագիտության անգամ ձևական դրսևորումների։
Այստեղ, սակայն, կա մի կարևոր նյուանս, ստեղծագործողի քաղաքականությանը չխառնվելու, չսպասարկելու մասին իմ պնդումը չպետք է շփոթել նրա քաղաքացիական դիրքորոշման հետ։ Ստեղծագործողը պետք է ունենա քաղաքացիական դիրքորոշում և շատ հստակ արտահայտի այն։ Ժամանակի ընթացքում ստեղծագործողի քաղաքացիական սկզբունքները դառնում են առոչինչ, մնում է միայն նրա ստեղծածը, բայց ժամանակակիցների համար ստեղծագործողի քաղաքացիական դիրքորոշումը նույնքան կարևոր է, որքան նրա ստեղծածը։
Մեղավորներին պատժելը թթվածնի պես կարևոր է
Հայաստանում պետք է ձևավորվի նոր, մարդակենտրոն, եթե կուզեք՝ մասնագետակենտրոն իշխանություն, որի առաջին գործը պետք է լինի պատերազմի բացասական հետևանքների վերացումն ու պարտության մեղավորներին պատժելը։ Հայաստանում ներքին ու արտաքին կառավարումը տապալած քաղաքական ուժը գոնե մի անգամ պետք է պատասխանատվության ենթարկվի։ Քանի չկա այս նախադեպը, մենք տեղապտույտ ենք ունենալու՝ անընդհատ սողալով ցած։ Մեղավորներին պատժելը թթվածնի պես կարևոր է։ Արդարադատության առաջին ծիլերի հետ, երբ հասարակությունը վերականգնի հավատը սեփական ուժերի նկատմամբ, մենք կարող ենք խոսել ազգային արժեհամակարգի վրա հենված արդար ու ժողովրդավար երկիր կառուցելու մյուս պարտադիր պայմանների մասին։
Անի Գաբուզյան
Աղբյուր՝ 168.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում