Ստամբուլում հայ կանանց սպանության կասկածյալ Նազարյանը հերքում է մեղադրանքը
Նմանատիպ
Ստամբուլում տեղի է ունեցել անցյալ տարեվերջին եւ այս տարեսկզբին տարեց հայ կանանց վրա հարձակումներ գործելու, սպանելու եւ բռնության ենթարկելու մեղադրանքներով Մուրադ Նազարյանի դեմ հարուցված քրեական գործով երկրորդ դատալսումը:Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալ» թերթը, Նազարյանը, ով փաստաբանի բացակայության պատճառով լռություն էր պահպանել նախորդ դատալսման ժամանակ, այս անգամ դատարանում շարունակաբար հայտարարել է. «Ես չեմ հիշում: Այդ սպանությունը ես չեմ կատարել»:
Ձերբակալության ժամանակ ոստիկանությունում Նազարյանն ասել էր, թե հնարավոր է, որ այդ հանցագործությունն ինքը կատարած լինի: Հետագայում նա հայտարարել էր, որ դա ասել է հոգեբանական ճնշման տակ:
Դատարանը որոշել է ընդլայնել հարցաքննության շրջանակները եւ հաջորդ դատալսումը նշանակել է նոյեմբերի 4-ին: Ենթադրվում է, որ հաջորդ դատալսման ժամանակ կներգրավվեն տուժող կողմի ներկայացուցիչները եւ կառերեսվեն կասկածյալի հետ:
Դատին ներկա Մուրադ Նազարյանի ազգականները համարում են, որ այդ հանցագործությունները Մուրադը չի կատարել, եւ որ դրանց հետեւում ուրիշ մարդիկ են կանգնած:
Անցյալ տարեվերջին եւ 2013 թ-ի հունվարին Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման էին ենթարկվել 4 տարեց հայ կանայք, որոնցից 84-ամյա Մարիցա Քյուչյուքը դաժանորեն սպանվել էր սեփական տանը: Ստամբուլի ոստիկանությունը երկար ժամանակ չէր կարողանում բացահայտել հանցագործությունները: Մուրադ Նազարյան ձերբակալությունից հետո բժիշկները նրա մոտ շիզոֆրենիա էին ախտորոշել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում