«Վտանգված ժառանգություն․ Արցախ»․ Հնարավոր է՝ ինչ-որ զեղծարարություններից հետո քարոզչության համար Ադրբեջանը թույլատրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը
Նմանատիպ
«Այս նկարում և՛ Կանաչ ժամն է երևում, և՛ Ղազանչեցոցը, Շուշիի համայնապատկեր է, որը նկարել եմ տանիքից։ Մյուս նկարում անառիկ Շուշին է»,- Panorama.am-ին պատմում է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը՝ ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսի նմուշները։
«Այս ցուցահանդեսում սկզբունքորեն փորձել եմ ցույց տալ, որ Արցախը ունեցել է երկարատև հայկական պետականություն, և Արցախում դարերի ընթացքում ստեղծվել է հայկական հարուստ մշակութային ժառանգություն: Դրա համար, վանքերից ու եկեղեցիներից բացի այստեղ ներկայացված են նաև միջնադարյան կամուրջների, ամրոցների, այլ աշխարհիկ ճարտարապետության նմուշներ։ Ամրոցը նշանակում է զինված ուժեր և ինքնիշխանություն, կամուրջը նշանակում է առևտուր, տնտեսություն։ Սրանք ցույց են տալիս, որ միջնադարում էլ ունեցել ենք զարգացող տնտեսություն։ Նկարներից մեկում կարող եք տեսնել մելիքական ապարանքների օրինակներ, կողքին էլ՝ Խամսայի մելիքությունների քարտեզը, որոնք ինքնիշխան միավորներ են եղել։ Այսինքն,՝ մենք պատմությունն էլ ենք ցույց տալիս։ Գյուլիստանի ամրոցն է, որտեղ հայտնի պայմանագիրն է կնքվել, Գյուլիստան գյուղն է, որը ավերվել է դեռևս 1991-94թթ. պատերազմում ադրբեջանցիների կողմից։ Նկարներից մեկում Տումի գյուղի Կարմիր եկեղեցին է և դրա կառուցման արձանագրությունը 1000 թվականին։ Այսինքն՝ եկեղեցին 1000թ․ հայ իշխաններ, թագավորներ են կառուցել։ Այսինքն՝ 1000թ․էլ այնտեղ հայկական իշխանության է եղել։
Ցուցահանդեսն ուշադիր դիտելով՝ տպագիր գրքերը, ձեռագրերը, գորգերը տարբեր ժամանակահատվածների կառույցները, մենք տեսնում ենք, որ սա հայկական երկարատև պետականության, հայկական ինքնության, մշակույթի ներկայացումն է: Տեսնում եք նաև հոգևոր կյանքի, եկեղեցիների՝ ապրող վայրեր լինելու ժամանակակից պատկերներ»,-պատմում է Վահե Գաբրիելյանը։
Ցուցահանդեսում ներկայացված են մեծամասամբ Վահե Գաբրիելյանի կողմից պարբերաբար արված նկարները՝ 2006-2007թ․-ներից մինչև 2019թ․, լուսանկարներ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի արխիվից, մի քանի այլ լուսանկարիչների գործեր, Մայր Աթոռի արխիվից տրամադրված նկարներ՝ արված Վազգեն Առաջինի 1957թ. հայրապետական այցի, Գարեգին Առաջինի՝ 1995թ. հայրապետական այցի, Գարեգին Երկրորդ և Արամ Առաջին կաթողիկոսների՝ 2016թ. հայրապետական այցերի ժամանակ, Շուշիի գորգեր, Շուշիում տպագրված գրքեր հատկացված Ազգային գրադարանի կողմից, միջնադարյան ձեռագրեր, որոնք Մատենադարանի ցուցանմուշներն են։
«1957թ․-ին, Վազգեն Առաջինի այցի նկարներից երևում է, թե ինչպես հայկական Շուշին ավերված է եղել, Ղազանչեցոցը, Կանաչ ժամը՝ կիսավեր, իսկ Գանձասարն ու Ամարասը՝ անմխիթար վիճակում։ Վազգեն Առաջինը այդ այցի ժամանակ եղել է նաև Գանձակում»,- ասում է Վահե Գաբրիելյանը։
Գարեգին Առաջինի Գանձասար այցելության նկարում տեսանելի են վերանորոգման աշխատանքները, Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների նկարներում արդեն տեսանելի են վերանորոգված և բարեկարգ հոգևոր կենտրոնները։
Ներկայացված են Շուշիում տպագրված գրքեր, միջնադարյան ձեռագրեր։
«Շուշին մեր առաջին տպագրական կենտրոն է Էջմիածնից հետո։ Մինչև 1920թ․-ը 145-ից ավելի գրքեր են տպագրվել։ Ներկայացրել ենք 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին հրատարակված մի քանի գրքերի բնօրինակներ և մի քանի նման գրքերի պատկերները, որոնք հետագայում կներկայացվեն շրջիկ ցուցահանդեսներում։
Գրքերից ընտրված են թե՛ հայ հեղինակների ստեղծագործություններ, օրինակ՝ հայոց լեզվի քերականություն, աստվածաբանական գիտելիքների մասին աշխատություններ, քրիստոնեական կյանքի ուղեցույցներ, և այլն, թե՛ թարգմանություններ տարբեր լեզուներից»,-պատմում է Վահե Գաբրիելյանը։
Վահե Գաբրիելյանը նշում է, որ ցուցահանդեսում փորձել են ներկայացնել Արցախի ամբողջ ժառանգությունը։
«Այն ժառանգությունը, որ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, և այն մասից օրինակներ, որ գտնվում է Արցախի հսկողության տակ։ Նրանք, որոնք մեր հսկողության տակ են, ինչ-որ առումով ևս վտանգված են, որովհետև թշնամի կա կանգնած դիմացը, որի մտադրությունները բարի չեն, ու չի բացառվում, որ կարող է վաղն էլ կրկին հարձակվել, եթե չկարողանանք ետ պահել այդպիսի մտադրությունից, կամ հակահարված տալ։ Ադրբեջանի հսկողության տակ անցած ժառանգությունը վտանգված է նրանով, որ ենթակա է թե՛ ոչնչացման, թե՛ անվանափոխման և թյուր ներկայացման։
Տեսանք, Շուշին ինչ վիճակում էր. 1920թ. ջարդերից, հրդեհից և ավերածություններից հետո նրանց ձեռքին էր, 20թ․-ից մինչև 60թ․-ը չէին վերականգնել։ Մեխակավանի եկեղեցին վերացրին ընդհանրապես, անգամ երկրորդ հայրենական պատերազմի հուշարձաներն են պղծել ու ավերել, բայց չէ՞ որ իրենք էլ են մասնակցել այդ պատերազմին»,-ասում է Վահե Գաբրիելյանը։
Եկեղեցիների մի մասի դեպքում Ադրբեջանը փորձում է փոխել պատկանելիության ըմբռնումը։
«Ամարասն էլ է վտանգված, չնայած մեր վերահսկողության տակ է, քանի որ անմիջական նշանառության տակ է, մեր ուխտավորները, այցելուները չեն կարողանում հանգիստ գնալ այնտեղ, նրանց ուղեկցում են ռուս խաղաղապահները։ Այս ամենի վրա պետք է ուշադրություն հրավիրել, որ բոլորը հասկանան, որ նրանք բարի մտադրություններ չունեն, թշնամական են՝ նպատակադրված յուրացնելու, ոչնչացնելու մեր մշակույթը, որ հազարավոր տարիներով ստեղծվել է։ Մեր նպատակն է ասել, ֆիքսել, ցույց տալ, որ դրանք մերն են, մերն են եղել, հայկական պատկանելիություն ունեն, դարերի ընթացքում հայերի ստեղծածն են։
Իհարկե, ունեցածիդ միակ արդյունավետ, երաշխավորված պաշտպանությունը քո զինված ուժերն են։ Բանակ ունես՝ պաշտպանում ես, այլ 100 տոկոսանոց պաշտպանություն չի կարող լինել, եթե քո վերահսկողության տակ չէ, բայց մենք մեր առավելագույն ջանքերը պետք է գործադրենք, որ դրանք պաշտպանենք նաև միջազգային հանրության ջանքերով։ Մենք պետք է անընդհատ շեշտենք, ցույց տանք և մարդկանց պատկերացումներում հստակ դարձնենք ու ամրապնդենք այն, որ այդ ժառանգությունը մերն է, հայկական է և պետք է մնա այդպիսին»,-ասում է Վահե Գաբրիելյանը։
Խոսելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքն Արցախ Ադրբեջանի կողմից մերժելու մասին՝ Վահե Գաբրիելյանն ասաց, որ ակնհայտ է, թե ինչու չեն թողնում․ «Որպեսզի փորձեն հայկական հետքը, հայկական պատկանելիության նշանները վերացնել։ Հնարավոր է, որ ինչ-որ զեղծարարություններից հետո, ձևի համար, քարոզչության համար, աշխարհին ներկայացնելու համար թույլատրեն։ Բայց ի՞նչ մնացած կլինի: Ադրբեջացիներից ու թուրքերից ամեն ինչ կարելի է ակնկալել։ Այժմ այդ ողջ հարստությունն ընկել է նրանց ձեռքը, ոգևորվածությամբ, էյֆորիայի մեջ փորձում են ամրապնդել իրենց հաղթանակի պտուղները, ամեն ինչ անելու են՝ հավանական և անհավանական, բարոյական և ոչ բարոյական, նրանց համար սահմաններ չկան։ Գումարներ կծախսեն, կներկայացնեն այնպես, ինչպես ցանկանում են, մարդկանց կբերեն։ Մեր պարտքն է դրան դիմադրելը, ճիշտը ներկայացնելը»։
Աղբյուր՝ Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում