Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ» կտավը Երևանից կտարվի Մոսկվա
Նմանատիպ
Օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել կոլեգիալ փորձաքննություն Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ» ստեղծագործության շուրջ։ Աշխատանքը ներկայացվելու է Պետական Տրետյակովյան պատկերասրահում կայանալիք հեղինակային հոբելյանական ցուցահանդեսին: Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից:
Թանգարանային այս նմուշն ունի նախապատմություն. 1995 թվականին գողացվել էր ռուս ականավոր գեղանկարչի վերոհիշյալ՝ «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» ստեղծագործությունը, և դեպքից միայն 22 տարի անց, հայտնաբերվելով Ռուսաստանում և ծավալուն ու բարդ ռեստավրացիոն աշխատանքներից հետո, ի վերջո վերադարձվել Հայաստան՝ Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա.Աբրահամյանի հավաքածու)։
Աշխատանքը ստեղծվել է 1891-ին Մ.Լերմոնտովի մահվան 50-ամյակի կապակցությամբ հրատարակվող նրա ստեղծագործությունների լիակատար ժողովածուի՝ մասնավորապես «Դևը» պոեմի նկարազարդման համար։
Ռուսական սիմվոլիզմին վերագրվող «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» ստեղծագործության սյուժեն պոեմի վերջաբանը ներկայացնող նկարազարդումն է։ Ֆիգուրատիվ երկպլան հորինվածքի առաջին պլանում գլուխն ափերի մեջ առած դևի նստած ֆիգուրն է, իսկ խորքում ՝ Թամարին գրկի մեջ առած հրեշտակի ողջ հասակով պատկերված թույլ նշմարելի կերպարանքը։ Ողջ հորինվածքը ներկայացված է միագույն գունաշարով , սակայն նրբերանգային հարուստ հնարքների կիրառմամբ։
Բացահայտելով պոեմի սյուժեն ոճական բազմաբնույթ արտահայտչամիջոցների շնորհիվ ՝ շեշտադրվում են կերպարների հակադիր բնույթները. մուգ գունաշարով կառուցված են դևի հոգեկան տառապանքներն ու հակասական ապրումները ներկայացնող մարմնեղ ֆիգուրը, իսկ լույսով ողողված ետին պլանում հրեշտակի և Թամարի մեկ ամբողջություն դարձած խաղաղ ու անվրդով ՝ ընդհանուր ֆոնին գրեթե ձուլված , ապանյութական ու եթերային միաձույլ պատկերն է։
Ողջ հորինվածքը դրամատիկ հնչեղությամբ է՝ մեկնաբանված սիմվոլիստական խորհրդաբանության համատեքստում։
Կտավը գնահատվել է 25 միլոին դրամ:
Աղբյուր՝ Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում