Տուն-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը
Նմանատիպ
Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի և քանդակագործ, գեղանկարիչ Նիկողոս Նիկողոսյանի միջև վաղեմի մտերմություն կար:
Իր մեծ բարեկամի մահվան լուրն առնելով՝ Նիկողոս Նիկողոսյանը իր պարտքը համարեց ստեղծել կոմպոզիտորի հետմահու դիմակը:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը տեղյակ էր այդ մասին և գիտենալով, որ դիմակը դեռևս գտնվում է քանդակագործի արվեստանոցում, ջանում էր ձեռք բերել այն, որը, որպես կրկնակի արժեք ունեցող ցուցանմուշ՝ և´ որպես մաեստրոյի դիմակ, և´ որպես մեծահամբավ քանդակագործի աշխատանք, մեծ հետաքրքրություն կառաջացներ այցելուների շրջանում:
Քանդակագործի մահից հետո, երջանիկ պատահականությամբ, երբ Արամ Խաչատրյանի անվ. տրիոն հանդես էր գալիս «Nico» գեղարվեստի պատկերասրահի (Nico Art Gallery’) համերգային սրահում, տրիոյի դաշնակահարուհի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը հանդիպեց պատկերասրահի տնօրեն, քանդակագործի դուստր Գայանե Նիկողոսյանին և նրանք եկան համաձայնության՝ հիշյալ դիմակը Երևան տեղափոխելու և տուն-թանգարանում ցուցադրելու:
Այժմ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, բազմաթիվ շքանշանների շքանշանակիր Նիկողոս Նիկողոսյանի ստեղծած՝ մեծ Մաեստրոյի հետմահու դիմակը:
Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում