Հադրութի շրջանի տեղահանված բնակիչները ԱԳՆ շենքի մոտ են․ ՈՒՂԻՂ

Հադրութի շրջանի տեղահանված բնակիչները ԱԳՆ շենքի մոտ են․ ՈՒՂԻՂ

Արցախի Հադրութի շրջանի տեղահանված բնակիչներն այս պահին ԱԳՆ շենքի մոտ են: Հադրութցիներից պարոն Լևոնը նշեց, որ լսել են՝ ՌԴ ԱԳ նախարարն այցելում է Հայաստան և հիմա ՀՀ ԱԳՆ-ի դիմաց են, որպեսզի փորձեն իրենց խնդիրներին այս եղանակով կարգավորում տալ: «Բացի սրանից՝ նաև նամակ պետք է հանձնենք ԱԳ նախարարին, որպեսզի մեզ ընդունի, ու հասկանանք, թե մեր գլխի գալիքն ինչ է լինելու: Ռուսները հայտարարում են, թե Արցախը Ադրբեջան է, Ֆրանսիան, ԱՄՆ-ն հույս են տալիս, թե բանակցային եղանակով հնարավոր է քննարկել հարցը: Բոլորը հետաքրքրված են Արցախի հարցով՝ բացի ՀՀ և ԱՀ ղեկավարություններից: Մեկը չկա այս ազգի մեջ՝ քաղաքական գործիչ, որ վեր կենա, ասի՝ Արցախը Ադրբեջան չէ, չի եղել և չի լինի: Մենք մեր հայրենքիք ենք ուզում վերադառնալ, ո՛չ Երևանում ենք ուզում ապրել, ո՛չ էլ Արցախի այլ շրջանում, մենք Հադրութից ենք և Հադրութում էլ ուզում ենք ապրել»:

Հադրութցին նշեց, որ եթե իրենք գնան ու այլ շրջանում ապրեն, ապա Հադրութը մոռացության կմատնվի:

Քաղաքացին անհասկանալի համարեց այն, որ Արցախի անլուծելի խնդիրների առկայությամբ այստեղ ընտրություններ են անում, ինչը ըստ նրա, նշանակում է, որ երեք ամիս շարունակ Արցախի մասին որևէ մեկը չի մտածելու ու լուծում չի տրվելու խնդիրներին:

«Այն, ինչ տեղի է ունեցել Հադրութի հետ, դեռ չի ավարտվել, իրենց այս վարքագծով, այսպիսի մոտեցումներով ոչ մի լավ բան չի լինելու: Հադրութը պետք է վերադարձվի, որովհետև եթե այն չվերադարձվի, ապա ո՛չ Մարտունիում, ո՛չ Ստեփանակերտում մարդ չի մնալու»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում