Այս ամենը և՛ անօրինական է, և՛ դեստրուկտիվ, և՛ անբարոյական. Դավիթ Ափոյան

Այս ամենը և՛ անօրինական է, և՛ դեստրուկտիվ, և՛ անբարոյական. Դավիթ Ափոյան

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նոյեմբերի 10-ին ինքնասպան չեղած մարդիկ շարունակում են «կրթական բարեփոխումները»:

Իշխանությանը ԵՊՀ-ն զավթելու ցանկությունը հանգիստ չի տալիս: Հատկապես երբ առջևում ընտրություններ են:

Սկզբում ԱԺ-ն ընդունեց բուհական ինքնավարությունը ոչնչացնող նոր օրենք: Նախագահը չստորագրեց, նախագիծը ուղարկեց Սահմանադրական դատարան, ինչը անորոշ ժամանակով երկարաձգեց գործընթացը։

Տեղեկանալով նախագահի որոշման մասին՝ Կառավարությունը ԵՊՀ-ն պայթեցրեց ներսից՝ ստիպելով, որ Հոգաբարձուների խորհրդի իշխանական անդամները հրաժարականի դիմում գրեն: Քանի որ երկրում հաստատված է «ուսապարկային կառավարման մոդել», նրանց հաջողվեց դա անել. խորհուրդը լուծարվեց:

Այս ամենից Կառավարությունը սակայն չհանգստացավ և այսօր՝ մայիսի 4-ին, ընդունեց մի որոշում, որով հոգաբարձուների խորհրդի անդաների թիվը 32-ից դարձավ 20, իսկ Կառավարության համամասնությունը խորհրդում 50%-ից դարձավ 65%:

Այս ամենը և՛ անօրինական է, և՛ դեստրուկտիվ, և՛ անբարոյական:

Անօրինական է, քանի որ Կառավարությունը իրավունք չունի առանց Հոգաբարձուների խորհրդի առաջարկության նման որոշումներ կայացնել: ԵՊՀ-ն այս նախագիծը պարտավոր է վիճարկել վարչական դատարանում կամ ՍԴ-ում:

Դեստրուկտիվ է, քանի որ անտեսում է ինչպես ՍԴ-ում քննվող նախագիծը, այնպես էլ ռեկտորների խորհրդի և ակադեմիական հանրույթի կարծիքը:

Անբարոյական է, քանի որ ոչնչի նկատմամբ այնքան հետևողական չեն, որքան եղածը քանդելու գործում: Սա շարունակությունն է հրեշավոր գործողությունների այն շարքի, որը նոր իշխանությունները սկսել են դեռևս 2018թ. մայիսի 29-ի Գիտխորհրդի «գրավումով»:

Մենք պարտավոր ենք ինչ-որ կերպ կասեցնել քոչվորի հոգեբանությամբ շուրջբոլորը ավերող այս իշխանության անօրինական, անբարոյական և դեստրուկտիվ գործունեությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում