Իրանի խորհրդարանը հաստատել է նախարարների պաշտոններում առաջարկված 18 թեկնածություններից 15-ը
Նմանատիպ
Իրանի խորհրդարանը (մեջլիսը) հաստատել է նախարարների պաշտոններում երկրի նախագահ Հասան Ռոուհանիի առաջարկած 18 թեկնածություններից 15-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին՝ ելույթ ունենալով տեղական հեռուստատեսությամբ:
Նա նշել է, որ պատգամավորները չեն հաստատել կրթության նախարարի, գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների գործերի գերատեսչության ղեկավարի, ինչպես նաեւ սպորտի եւ երիտասարդության գործերի նախարարի պաշտոնների թեկնածուներին: Նախարարությունների հաստատված ղեկավարների թվում են նավթի նախարար Բիժեն Զանգենեն, ներքին գործերի նախարար Աբդոլռզա Ռահմանի Ֆազլին, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Ալի Թայեբնիան եւ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ Ռոուհանիի կողմից առաջադրված բոլոր թեկնածուներն էլ նորեկներ չեն քաղաքականության մեջ եւ էկոնոմիկայում: Նրանց մեծ մասն ավելի վաղ պաշտոններ է զբաղեցրել Իսլամական Հանրապետության նախագահներ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանիի եւ Մոհամադ Խաթամիի կառավարություններում, հայտնի են իրենց չափավոր պրագմատիկ հայացքներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում