Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-13-ը կկայանա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը:
Այն կմեկնարկի մայիսի 10-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Մրցույթի բացման համերգին ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանի ղեկավարությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման համերգին իրենց ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան նաև միրզոյանական մրցույթի կրկնակի դափնեկիրներ Ալեքսանդր Հարությունյանը և Անդրեյ Կուրբետը:
Նախագծի մրցութային փուլը կկայանա մայիսի 11-ին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում (ժ.16:30): Նույն համերգասրահում երկու օր անց՝ մայիսի 13-ին, ժ.16:30-ին կկայանան նաև մրցույթի գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը: Մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մասնակիցները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու անվանի կոմպոզիտորի հիշատակին:
Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են կոմպոզիտորներ Արամ Սաթյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Էդուարդ Հայրապետյանը, Արամ Հովհաննիսյանը, Արթուր Ավանեսովը և Էդմոնդ Մակարյանը:
Բոլոր համերգների մուտքն ազատ է:
Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Երևանի պետական կոնսերվատորիայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գործընկերությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում