Օպերային թատրոնի բեմ կբարձրանա Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» ներկայացումը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջնախաղ է սպասվում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 25-ին և հունիսի 3-ին թատրոնի բեմ կբարձրանա իտալացի կոմպոզիտոր Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» երկու գործողությամբ օպերային ներկայացումը:
Բեմադրող դիրիժորը և ռեժիսորը Մկրտիչ Բաբաջանյանն է, զգեստների նկարիչն Ավետիս Բարսեղյանն է, լուսային ձևավորումը՝ Սամվել Մալերյանի, գլխավոր խմբավարը Հրաչ Բորյանն է, գլխավոր բալետմայստերը՝ Վիլեն Գալստյանը:
Ռուջերո Լեոնկավալոյի օպերայի լիբրետոյի հեղինակը ևս Լեոնկավալոն է։ «Պայացների» առաջնախաղը կայացել է 1892 թվականի մայիսի 21-ին Միլանում:
Կոմպոզիտորի ոգեշնչման աղբյուրը, ինչպես նշվում է, եղել է Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայի հաջողությունը, որի հետ «Պայացները» մոտ է և՛ թեմատիկայով, և՛ երաժշտական լուծումներով: «Պայացների» սյուժեի (Կանիոն սպանում է իր կին Նեդդային և նրա սիրեկան Սիլվիոյին) հիմքում, կոմպոզիտորի հավաստիացմամբ, ընկած է իրական դեպք, որին նա ներկա է եղել վաղ մանկության տարիներին իր ծննդավայրում: Մասնագետները պնդում են, որ օպերայի սյուժետային հիմքը վերցված է Կատյուլ Մենդեսի պիեսից, որին Լեոնկավալոն կարող էր ծանոթ լինել 1887 թվականին, երբ ապրում էր Փարիզում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում