Բեյրութում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 22-ի

Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանի՝ շիաբնակ Դահիա շրջանում ականապատված ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 22-ի, 325 մարդ վերքեր Է ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին եւ Կարմիր խաչի տեղական բաժանմունքին:

Լիբանանի ՆԳ նախարարության տվյալներով՝ Բեյրութի խիտ բնակեցված շրջանում ականապատված ավտոմեքենան պայթեցրել Է մահապարտ ահաբեկիչը: Մեքենան պայթել Է գլխավոր փողոցում, խանութների եւ բնակելի շենքերի մոտակայքում:

Զգալի չափով վնասվել են մերձակա շենքերը, դրանցից շատերում հրդեհ Է բռնկել: Մոտակայքում գտնվող միկրոշրջանները շրջափակված են լիբանանյան բանակի ստորաբաժանումների կողմից:

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Սարայաթ Աիշա-Ումմ մուամինին» ահաբեկչական խմբավորումը: Այսօր երկրում սուգ է հայտարարված զոհվածների հիշատակին:

Ինչպես արդեն հաղորդվել Է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 15-ին Լիբանանի քաղաքական ուժերի համար կարեւորել է Սիրիայի հակամարտությանը չմիջամտելու կարեւորությունը: ԱԽ-ն ցավակցություն է հայտնել ահաբեկչության հետեւանքով տուժածներին եւ կոչ է արել լիբանանցիներին «պահպանել ազգային միասնությունը երկրի կայունությունը խախտելու փորձերին դեմ հանդիման»: Իրենց հայտարարության մեջ Անվտանգության խորհրդի անդամները նշել են Լիբանանում բոլոր ուժերի կողմից սիրիական ճգնաժամին չմիջամտելու քաղաքականությունը հարգելու անհրաժեշտությունը, որը հաստատված է 2012 թվականին Բաաբդում ստորագրված հռչակագրով:

Ավելի վաղ ահաբեկչության քննադատությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի քարտուղար Պան Գի Մունը, որը հորդորել է լիբանանցիներին «համախմբվել իշխանության կառույցների շուրջ եւ ուշադրությունը կենտրոնացնել Լիբանանի անվտանգության եւ կայունության ապահովման վրա»:

Իր հերթին Լիբանանի նախագահը տեղի ունեցածի համար մեղադրել է Իսրայելին՝ հայտարարելով, որ հրեական պետությունը «փորձում է խախտել լիբանանյան ժողովրդի կայունությունն ու տոկունությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում