Ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի եզակի էսքիզները ներկայացված են «Քարի ձայնն ու բույրը» ցուցահանդեսում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ականավոր ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Մարգարյանի 120-ամյա հոբելյանի առթիվ մայիսի 12-ին Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց «Քարի ձայնն ու բույրը. Հովհաննես Մարգարյան» խորագրով ցուցահանդեսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսում ներկայացված են հեղինակի աշխատանքների էսքիզները, լուսանկարները: Իրենց գեղեցկությամբ ու յուրահատկությամբ աչքի են ընկնում Ռադիոտան և Երևանի կոնյակի գործարանի շենքերը:
Լրագրողների հետ զրույցում թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանն ասաց, որ Հովհաննես Մարգարյանը 20-րդ դարի հայ ականավոր, հետաքրքիր ճարտարապետներից է:
«Ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է տալիս հետաքրքրասերներին այցելել թանգարան և տեսնել Մարգարյանի տաղանդը, գնահատել նրա աշխատանքի մասշտաբն ու ստեղծագործ անձի հզորությունը: Հովհաննես Մարգարյանը եղել է Երևանի համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ամենաառաջին ուսանողներից ու առաջին շրջանավարտներից մեկը: Շրջանավարտները յոթն էին, որոնցից երեքը դարձել են մեր ճարտարապետության հպարտությունը՝ Հովհաննես Մարգարյանը, Սամվել Սաֆարյանը և Մարկ Գրիգորյանը»,-նշեց Գրիգորյանը:
Անդրադառնալով «Քարի ձայնն ու բույրը» խորագրին՝ տնօրենն ընդգծեց, որ Մարգարյանի լայնամասշտաբ շենքերի մեջ առանձնանում են Ռադիոյի տունը, որը ձայնն է և Կոնյակի գործարանի շենքը, որը բույրն է:
Գրիգորյանը պատմեց, որ դեռ ուսանող տարիներին Մարգարյանը դարձել է ՕՊՐԱ-ի (Հայաստանի պրոլետարական ճարտարապետների կազմակերպություն) հիմնադիր-անդամներից մեկը: Նրանք ավանգարդիստներ են եղել և ճարտարապետական ժամանակակից մեթոդների հետևորդներ, ջատագովներ. փորձել են այդ մեթոդները զարգացնել Հայաստանում:
Ավանգարդիստական շրջանի կառույցներից են Երևանի ծխախոտի և կարի գործարանների շենքերը, որոնք մինչ օրս կանգուն են: Ներկայացված են նաև «Դինամո» մարզադաշտի տրիբունաների էսքիզները: Տրիբունաները չեն կառուցվել, սակայն Մարգարյանը Երևանում իսկական մարզադաշտ կառուցելու առաջին փորձն է արել: Այն նախագծվել է 1932 թվականին: Մարկ Գրիգորյանը կարևորեց նաև Մարգարյանի մասնակցությունը Երրորդ մասի կառուցման գործում, որի համահեղինակներն են Մազմանյանը, Քոչարը, Սաֆարյանը:
Ճարտարապետի նախագծած հայտնի շենքերից է շատերին «Մանկական աշխարհ» անունով հայտնի շենքը Աբովյան փողոցում, որն այժմ կա, սակայն չի գործում:
Ցուցահանդեսին ներկայացված են Հանրային ռադիոյի շենքի ավելի քան քսան էսքիզ: «Մենք փորձեցինք ցույց տալ, թե ինչպես էր ճարտարապետը մտածում: Երբ նա մտածում էր, նկարում էր: Ռադիոյի տան գրեթե բոլոր էսքիզներում շենքի մեջտեղում կա մի աշտարակ: Երևանում պետք է լիներ երեք շենք, որոնք պետք է աշտարակներ ունենային՝ կայարանի շենքը, Ռադիոյի տունը և հրապարակի թանգարանների շենքը, բայց 1950-ականների սկզբին երեքն էլ արգելվել են: Ենթադրում եմ, որ դա կապված է եղել շինարարության գնի հետ: 1960-ականների երկրորդ կեսին կառուցվել է հրապարակի աշտարակը»,- հիշեցրեց թանգարան-ինստիտուտի տնօրենը:
Ցուցահանդեսի մի ամբողջ անկյուն նվիրված է Երևանի կոնյակի գործարանի էսքիզներին ու լուսանկարներին: Կան էսքիզներ, որոնք գրեթե առնչություն չունեն այսօրվա կանգուն շենքի հետ: Գրիգորյանի խոսքով՝ այն, ինչ այսօր կա, իրեն շատ է դուր գալիս: Նա շեշտեց, որ ժամանակին մեծ ուշադրություն են դարձրել շենքերի ներդաշնակությանը, արել են հնարավորը, որ իրար մոտ շենքերը համահունչ լինեն:
Ցուցահանդեսում հնարավոր է տեսնել նաև Արզնիի առողջարանների նախագծերը, Ծաղկաձորի գլխավոր հատակագիծը, Երևանի ճոպանուղու էսքիզները:
Մարկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ճարտարապետի 120-ամյակի շրջանակում պատրաստելու են նրա ստեղծագործությունների կատալոգը, որը «Հայ ճարտարապետներ» մատենաշարի երկրորդ գիրքը կլինի: Առաջինը նվիրված է եղել Միքայել Մազմանյանին:
Անժելա Համբարձումյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում