Պեղումների արդյունքում Արտաշատում բաղնիքներ, պալատներ և հռոմեական ակվեդուկ է հայտնաբերվել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի գետամերձ տարածքում և Խոր Վիրապի բլրաշարքի ստորոտում տեղակայված փոքր բլրակի ուսումնասիրությունների արդյունքում հռոմեկան բաղնիք, պալատներ և մ.թ 2-րդ դարի հռոմեական ակվեդուկի հիմքեր են հայտնաբերվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ, Արտաշատի պեղումների արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանն ասաց, որ Արտաշատում պեղումներ են իրականացվում դեռևս 1970 թվականից:
«Վերջին տարիներին քաղաքի ուսումնասիրությունն ընթանում է երկու տարածքներում՝ մեկը գետամերձ թաղամասն է, որն Արաքսի անմիջական հարևանությամբ է և այնտեղ աշխատում է մեր ինստիտուտի արշավախումբը և երկրորդը ստորին քաղաքի տարածքում է՝ Խոր Վիրապի բլրաշարքի ստորոտում տեղակայված փոքր բլրակի վրա, որտեղ աշխատում է հայ-գերմանական համատեղ արշավախումբը»,-նշեց Զարդարյանը:
Նրա խոսքով՝ գետամերձ թաղամասում բացահայտվել է մեծ հռոմեական բաղնիք, որը հարուստ է խճանկարներով, ունի կրկնակի տաքացվող հատակ, ջրամատակարարման ու ջրահեռացման բարդ զարգացած համակարգ, բացահայտվել է նաև տաճարական հարթակ՝ ռեգիա, այսինքն քաղաքային ճեմատարածք, որը ծածկված է եղել, գտնվել են տարբեր կառույցներ՝ զարդարված որմնանկարներով: Զարդարյանի համոզմամբ՝ թաղամասը բացահայտում է Արտաշատի կյանքի մի շատ հետաքրքիր շրջան, երբ տեղական մշակույթի վրա լուրջ ներգործություն է ունեցել հռոմեկան մշակույթը:
Անդրադառնալով Խոր Վիրապի բլրաշարքի ստորոտում տեղակայված փոքր բլրակի ուսումնասիրություններին՝ արշավախմբի ղեկավարն ասաց, որ այդտեղ աշխատում են մի քանի ուղղությամբ՝ բուն հնագիտական պեղումներ և Արտաշատի ստորին, այսինքն՝ դաշտավայրային քաղաքի գեոֆիզիկական ուսումնասիրություններ: Գեոֆիզիկական պեղումների շնորհիվ նախքան բուն պեղումները կարողանում են պարզել, թե հողի տակ ինչպիսի կառույցներ կան:
Զարդարյանը պատմեց, որ այդ աշխատանքները նախաձեռնել են 2018-2019 թվականներին: Այս տարի գարնանը շարունակել են պեղումները:
Երկու տարվա ընթացքում ուսումնասիրվել է գրեթե քառասուն հեկտար տարածք: Դեռ 1970-ական թվականներին սկսած պեղումների ժամանակ հնագետներն իմացել են, որ Արտաշատի 15 բլուրը խիտ կառուցապատված է եղել: Բլուրների վրա տեղակայված են եղել բնակելի և հանրային կառույցներ: Բլուրները շրջապատող պարիսպների երկարությունը հասել է շուրջ տասը կիլոմետրի, բայց հնագետները հստակ չեն իմացել, թե ինչպիսին է իրավիճակը դաշտավայրային տարածքում:
«Մեր առաջին իսկ ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել է առնվազն երկու պալատական կառույց դաշտավայրային տարածքում: Շատ հետաքրքիր գեոֆիզիկական անոմալիա էր ուրվագծվում, որը մեծ տարակուսանքի տեղիք տվեց: Անընդհատ քննարկում էինք մեր կոլեգաների հետ, թե ինչ է այդ անոմալիան: Ի վերջո բացահայտեցինք հռոմեական ակվեդուկի հիմքեր: Սա եզակի երևույթ է ոչ միայն Հայաստանի, այլև Մերձավոր Արևելքի համար: Դատելով ուղղությունից և ակվեդուկի կառուցման օրինաչափություններից՝ մենք եկանք եզրահանգման, որ աղբյուրի ջուր է բերվել Արտաշատ ներկայիս Վեդի գետի ակունքներից: Դա մոտավորապես 30 կմ երկարություն ունեցող ակվեդուկ է եղել: Պարզել ենք նաև կառուցման թվագրությունը: Այն կառուցվել է մ.թ. 2-րդ դարում»,-մանրամասներ հայտնեց Զարդարյանը:
Նա հիշեցրեց, որ ակվեդուկները տիպիկ հռոմեկան կառույցներ են և կառուցվում էին բուն Հռոմի կայսրության տարածքում և ոչ նրա տարաքից դուրս: «Մեր թվարկության 114 թվականին Հռոմի Տրայանոս կայսրը զավթում է Հայաստանը և մինչև 116-ի վերջը Հայաստանը հռոմեական կայսրության կազմում էր: Հենց այդ ընթացքում են նախաձեռնել ակվեդուկի կառուցումը: 116-ի վերջին հռոմեացիները դուրս են գալիս, և ակվեդուկը մնում է անավարտ»,-հայտնեց արշավախմբի ղեկավարը:
Անժելա Համբարձումյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում