Քրիստոսի բարի մշակը. Մովսես Տաթևացի

Քրիստոսի բարի մշակը. Մովսես Տաթևացի

«Երկնքի արքայությունը նման է մի տանուտերի, որ առավոտյան ելավ իր այգու համար մշակներ վարձելու: ….բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները» (Մտթ. 20:1, 16):

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Իր անհատնում սիրո հարուստ շտեմարանից Բարեգութ ու Ողորմած Հայրը մեր կյանքի ողջ ընթացքում բազում շնորհներն է բաշխում է մեզ՝ մեղավոր անարժաններիս, և այսօրվա շնորհառատ օրն էլ դրա վառ ապացույցներից է: Այսօր մեր հարազատ եկեղեցու՝ Զորավոր Սուրբ Աստվածածնի ուխտի օրերից մեկն է՝ Սուրբ Մովսես Տաթևացի հայրապետի մահվան հիշատակության և Զորավոր Ավետարանի օրը: Այս երկուսը սրբություններն են, որ շաղկապված են միմյանց ու մեզ Քրիստոսի փրկարար ճշմարտության լույսով: Երկու բոցկլտացող ջահ են, որ Բարեխնամ Տիրոջից պարգևվել են Հայոց աշխարհին՝ լուսավորելու և ուղեկից լինելու քրիստոնյա հայի տունդարձի ճանապարհին:

Մարդու երկրային կյանքը մշտահոլով ընթացք է, մեծ ու փոքր գործողությունների, արարումների, թռիչքի ու անկման շարունակականություն, որ կանգ է առնում միայն հանդերձյալի դարպասներին հանդիպելով: Ինչպես յուրաքանչյուր երկարատև ճամփորդություն, կյանքի ճամփորդությունը ևս իր լուսավոր ու ստվերոտ, հետաքրքիր ու ձանձրալի, վտանգավոր ու անվտանգ կողմերն ունի: Եվ ճամփորդության որակը մեծապես կախված է նրանից, թե ով է ուղեկիցդ, որն է վերջնակետդ, որքան բաղձալի է այն քեզ համար և հետևաբար՝ ինչի ես պատրաստ նպատակիդ հասնելու համար:

Քրիստոսի սիրուն հանդիպած և դրա քաղցրությունը գեթ մեկ անգամ ճաշակած հոգին, այլ բանի չի ձգտում, քան Նրա հետ միավորումն է: Ինչպես սիրահար սրտերն են միմյանց կարոտում հրաժեշտի իսկ վայրկյանից և ապրում՝ կրկին հանդիպելու քաղցր սպասումով, այնպես էլ Քրիստոսի սիրով ապրող հոգին է իր ողջ ձգտումները, մտքերն ու ուժերն ուղղում այդքան բաղձալի հանդիպմանը և ամեն ինչ անում դրան լավագույնս պատրաստ ներկայանալու համար:

Մեր սուրբ հայրապետը՝ Մովսես Տաթևացին, որ նաև մեր եկեղեցու տարածքում գործող Անանիայի անապատի վանահայրն է եղել, վստահաբար ճաշակել էր աստվածային սիրո քաղցրությունն ու դարձել Տիրոջ փրկարար լույսի կրողն ու ջերմեռանդ տարածողն ամենուր, որտեղ նրա ոտքը դիպչում էր: Պատմագիրը պատմում է, որ Սյունյաց աշխարհից ծնունդ առած մանուկը սիրեց եկեղեցին ու դեռ մանկուց նվիրվեց նրան: Դեռևս տասնհինգամյա պատանին, աշակերտելով սրբակենցաղ ու իմաստուն հայրերի, ձեռնադրվեց որպես կուսակրոն վանական և խոնարհության, իմաստնության ու աստվածասիրության մեջ աճելով՝ որպես Տիրոջ ճշմարիտ մշակ, ձեռնամուխ եղավ Նրա պատվիրանների իրագործմանն ու սուրբ Ավետարանի քարոզչությանը: Նա ուսանում է Տիգրանակերտում, ծառայում Երուսաղեմում և Կոստանդուպոլսում, որոշ ժամանակ անցկացնում Եգիպտոսի վանքերում: Այնուհետև հայրենիք վերադառնալով՝ լծվում է հայրենի վանքերի շենությանն ու քրիստոնեության լույսի տարածմանը ողջ Հայոց աշխարհում: Քրիստոսանվեր այս սուրբը ծաղկեցնում ու շենացնում է Սյունյաց անապատը, ավերակ ու անմարդաբնակ դարձած Սուրբ Անանիա եկեղեցին, որը հիմնանորոգելով՝ մեծ միաբանություն ու դպրոց է հիմնում այստեղ: Այնուհետև ստանձնելով Սուրբ Էջմիածնի լուսարարապետությունը, մաքրում, վերանորոգում, պայծառացնում ու շենացնում է Մայր Տաճարն ու դրա տարածքը, և 1629 թ.-ին խստակրոն ու սրբակյաց եպիսկոպոսը դառնում է Հայոց կաթողիկոս:

Բազմաթիվ են երանելի հայրապետի երախտիքները, ծառայություններն ու ավանդը և՛ մեր հայրենիքին, և՛ Եկեղեցուն, և՛ ազգին, սիրելի՛ հավատացյալներ, որոնց նպատակը քրիստոնյա հայի հոգևոր զարթոնքն ու վերելքն էր: Եվ այժմ հետահայաց աչքով քննելով նրա անցած հարուստ ճանապարհը, օրհնում ու փառավորում ենք Երկնակալ Տիրոջը, որ մեզ արժանացրել է Քրիստոսի հավատարիմ մշակի նման օրինակ ունենալու և այն մեծ շնորհի համար, որ ապրել ու գործել է նաև մեր եկեղեցու տարածքում և իր ճերմակեցրած հոգին Տիրոջն է ավանդել հենց այստեղ: Եկեղեցու մյուս սրբերի պես Մովսես Տաթևացին էլ՝ Քրիստոսին՝ սրտում և Ավետարանը կրծքին ունենալով, ևս մեկ ակնառու օրինակ եղավ մեզ համար, թե ինչպիսին պիտի լինի ճշմարիտ քրիստոնյան, դեպի ուր պիտի ուղղված լինեն նրա ընթացքն ու ձգտումները:

Այսօր այստեղ ներկա գտնվող մեր հավատավոր քույրերից ու եղբայրներից շատերը միայն լսածով չէ, որ գիտեն երկար տարիներ մեր եկեղեցում պահված Զորավոր Ավետարանի հրաշագործ ու բժշկող զորության մասին և մեկ անգամ չէ, որ նրա միջոցով արժանացել են աստվածային օրհնությանը: Սակայն սա Ավետարանի արտաքին հատկությունն է միայն, որն անշուշտ ևս շատ կարևոր է, քանի որ մխիթարություն է ֆիզիկական նեղության մեջ գտնվողներին: Սակայն առավել կարևոր է դրա ներքին բովանդակությունը, որ Կենդանարար Աստծու կենդանի խոսքն է՝ ուղղված Իր սիրելի զավակներին և արդիական է բոլոր ժամանակներում:

Ասում են, որ անգլիացի հայտնի գրող Վալտեր Սկոտը մահվան մահճում խնդրում է իր փեսային հատվածներ ընթերցել գրքից: Երբ վերջինս հարցնում է, թե որ գրքից կարդա, մեծ գրողը պատասխանում է. «Այժմ ինձ համար միայն մի գիրք գոյություն ունի. դա թանկագին Աստվածաշունչն է: Ինչ ասես, որ չի տալիս այն մարդուն, ով զգալով իր աղքատությունը, գրքի անսպառ գանձերն է որոնում: Այն մարդուն շնորհում է երբեք չհնացող ճշմարտություն, հավիտենական հարստություն, անհագ ուրախություն, երբեք չթոշնող պսակ, վշտի ու վախի փարատում և հավիտենական կյանքի երանելի հույս: Սա Աստծու պարգևն է Իր խոսքը սիրող և պատվող մարդկանց»: Անշուշտ, Գիրք գրքոցի իրավացի ու գեղեցիկ նկարագիր է, թեպետ վերոնշյալից բացի այն անթիվ ու անհամար այլ արժանիքներ ունի ևս: Սակայն ամենակարևորը, որի համար անասելիորեն գնահատում ենք Աստվածաշունչ մատյանը, այն է, որ առաջին էջից իսկ Արարիչ Աստված խոսում է յուրաքանչյուրիս հետ: Եվ այստեղ է ահա թաքնված Եկեղեցու՝ Աստծու պարգևած յուրաքանչյուր օր Սուրբ Գիրք ընթերցելու մշտական հորդորի գաղտնիքը. մենք ամեն օր շատ թե քիչ մեր խոսքն ուղղում ենք Աստծուն աղոթքի միջոցով, իսկ ահա բացո՞ւմ ենք արդյոք Ավետարանը՝ թույլ տալու, որպեսզի Աստված Իր խոսքը մեզ ուղղի… Որքա՞ն հաճախ ենք զգում Նրա կենարար խոսքի կարիքը: Որքա՞ն հաճախ ենք մեր պապակած հոգին բաց անում Նրա կենսատու ջրի առջև: Որքա՞ն հաճախ ենք կարոտում Նրա ձայնին, որ մեր հոգևոր ունկերին է հասնում Սուրբ Գրքի էջերից: Ականջ դնո՞ւմ ենք Նրա խոսքին, որպեսզի հետո այն, որպես կենդանի քարոզ, կյանքի կոչենք մեր վարքով: Իսկ ի՞նչ ենք քարոզում, եթե չենք սերտում Տիրոջ կամքն ու պատվիրանները… Մերօրյա հոգևորականներից մեկը գրում է. «Աստծու խոսքը կարդալիս, ըստ էության, արդեն Դատաստանի առջև ենք կանգնած: Եվ դատը տեղի է ունենում, քանի որ սկսում ենք ամաչել: Կարդում ես՝ ամաչում ես: Լսում ես՝ ամաչում ես: Սկսում են բացատրել՝ սարսափում ես: Դատ է ընթանում: Ինչպես Պողոսն է ասում. «Կենդանի է Աստծու խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր. և կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները: Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ» (Եբր. 4:12, 13): Եվ իսկապես որ այդպես է, սիրելի՛ հավատացյալներ. գեղարվեստական գիրք կամ բարոյահոգեբանական խրատների ժողովածու չէ այն ազատ ժամանակ ընթերցելու համար: Այլ Աստծու ազդեցիկ խոսքն է՝ ուղղված մեր խղճին՝ ի շահ հոգու փրկության: Եվ իսկապես դատ է, քանի որ միայն այդ խոսքը ընթերցելով և կյանքում իրականացնել փորձելով է, որ տեսնում ես մեղավոր ու տկար վիճակիդ իրական թշվառ պատկերը: Տեսնում ես, թե իրականում որքա՜ն հեռու ես սուրբ ու կատարյալ լինելու կոչումիցդ և Տիրոջ ողորմածության ու տքնաջան հոգևոր աշխատանքի ի՜նչ կարիք ունես: Իսկ առանց սա տեսնելու, առանց իրավիճակը սթափ գնահատելու հոգևոր կյանքում աճելու և Քրիստոսին մոտենալու ոչ մի հնարավորություն չկա, սիրելինե՛ր: Յուրաքանչյուր բացվող օր պիտի բաց անեք Աստվածաշունչը և թույլ տաք, որպեսզի Տերը խոսի ձեզ հետ: Սովորեցնի, խրատի և ուղղի ձեր ընթացքը: Յուրքանչյուր օր պիտի փորձեք քայլ առ քայլ համապատասխանել Աստծու սուրբ կամքին, աստիճանաբար կատարել բոլոր պատվիրանները: Եվ հոգ չէ, որ հաճախ կսայթաքեք ու կընկնենք, կարևորը երբեք չհուսահատվելն ու Քրիստոսի ողորմածությանը ապավինելով, կրկին ոտքի կանգնելն ու շարունակելն է: Սա ապաշխարության ընթացքն է, սիրելինե՛ր, որ տևում է մի ողջ կյանք, և այս ընթացքի մեջ մեր Երկնավոր Հայրը կարևորում է հենց մեր ձգտումը, անդուլ ջանքն ու նպատակի ազնվությունը: Եվ սիրող ծնողի պես իր զավակի, իր մշակի անկեղծ ջանքն է գնահատում և վարձատրում հենց դրա համեմատ:

Արդ, անսպառ ջանք ու եռանդ եմ մաղթում ձեզ, սիրելի՛ հավատացյալներ, որպեսզի հավատարիմ մշակներ լինեք Տիրոջ պարտեզում: Աղերսում եմ սուրբ Մովսես Տաթևացու բարեխոսությունը յուրաքանչյուրիդ հոգու փրկության համար, որ վստահաբար ընտրյալ է բազում կանչվածներից և համարձակություն ունի Երկնային գահի առջև: Թող որ յուրաքանչյուրիդ ուխտն այսօր ընդունելի լինի, սիրելի՛ ներկաներ, և ծառայի այն երանելի կոչմանը, որին ամենքդ էլ հրավիրված եք:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերն ու խաղաղությունը ամենքիդ. ամեն:

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում