Ավարտվեց «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համերգաշարը
Նմանատիպ
«Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում կայացած հաշվետու համերգով ավարտվել է մարտին մեկնարկած համերգաշարը։
11-ից 17-տարեկան պատանի կրթաթոշակառուներ՝ Դավիթ Բոյաջյանը (ջութակ), Ասյա Անիսիմովան (ջութակ), Մարի Հակոբյանը (թավջութակ), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Տիգրան Գասպարյանը (հոբոյ), Դավիթ Տոնոյանը (ֆագոտ), Սաթենիկ Գալստյանը (գալարափող), Միհրան Առաքելյանը (շեփոր), Սամվել Դավթյանը (տրոմբոն), Գուր Սարգսյանը (դաշնամուր) հանդիսանում են մեր հանրապետության լավագույն երաժշտական կրթօջախների սաներ:
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի փոխանցմամբ, Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջումև Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում կայացած երաժշտական երեկոների ընթացքում հիմնադրամի կրթաթոշակառուները կատարեցին Ք. Սեն-Սանսի, Վ. Մոցարտի, Ռ. Ֆարնաբիի, Գ․ Ֆարնաբիի, Ժ. Ռամոյի, Հ. Վենյավսկու, Է. Բոցցայի, Է. Լալոյի, Վ. Ուսպենսկու, Ռ․ Շումանի, Յ․ Հայդնի, Դ. Պոպպերի, Ֆ. Լիստի, Ս. Ռախմանինովի, Ժ. Արբանի, Պ. Սարասատեի, Կ. Դավիդովի, Յ.Բախի, Կ.Պիվոնկայի, Կ․ Նիլսենи, Կ․ Վեբերի ստեղծագործությունները:
Համերգների ավարտին կրթաթոշակառուները միասին կատարել են Էդվարդ Միրզոյանի «Վալսը» և Արամ Խաչատրյանի «Այշեի պարը» «Գայանե» բալետից՝ կոմպոզիտոր Վահագն Վարդանյանի փոխադրությամբ։
Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի խոսքով՝ այսպիսի համերգները լավ առիթ են երեխաների համար, որպեսզի նրանք ևս մեկ քայլ անեն մասնագիտացման ճանապարհին, հմտանան թիմային աշխատանքում, հատկապես պատանի տարիքում:
«Վստահեցնում եմ՝ համերգին մասնակցած երեխաներից շատերը հետագայում կդառնան սոլիստներ և իրենց տեղը կգտնեն երաժշտության ոլորտում: Եվ այս առումով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարև գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությանը ստեղծել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնարդամ, որը բացահայտում և աջակցում է տաղանդավոր պատանի երաժիշտներին, նպատակային էև արդարացված»,- նշել է նա։
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Ջազի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կամո Մովսեսյանի խոսքերով՝ հիմնադրամի գործունեության արդյունքը գոհացուցիչ է։
«Համավարակի պայմաններում մշակութային կյանքը դանդաղել է, հատկապես երեխաների մասնակցությամբ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երաժշտական ուսումնական հաստատություններին, ուսուցիչներին, որոնք քրտնաջան աշխատանք են կատարել կրթաթոշակառուներին մասնագիտական առումով այս բարձր մակարդակին հասցնելու համար»,-ասել է Կամո Մովսիսյանը։
Դիրիժոր, դաշնակահար, Աշկելոնի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, Թել Ավիվի երաժշտական համալսարանի պրոֆեսոր, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի անցկացրած մրցույթի ժյուրիի անդամ Վահագն Պապյանի գնահատմամբ՝ գրեթե մեկ տարվա ընթացքում կրթաթոշակառուների երաժշտական հմտությունները զարգացել են, աճն ակնհայտ է:
Պապյանը նշել է, որ մեծապես կարևորում է պատանի երաժիշտներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, բայց առավել անհրաժեշտ է համարում վարպետության դասերի անցկացումը։
«Ֆինանսական աջակցությունը շատ կարևոր է, դա հնարավորություն է տալիս պատանի կատարողին չանհանգստանալ գումարի մասին, օրինակ, երիտասարդ կատարողը պետք է միջոց ունենա որևէ մրցույթի մեկնելու,և հիմնադրամն այդ առումով էլ իր աջակցությունն է ցուցաբերում: Բայց առավել կարևոր է նաեւ մասնագիտական առումով ուղղորդելև աջակցել պատանի կատարողին»,- նշել է նա։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մարինա Վարդանյանի խոսքով՝ կրթաթոշակառուների մասնակցությամբ համերգները հնարավորություն են ստեղծում նրանց համար աճել որպես երաժիշտ, հմտանալ։
Հիմնադրամից տեղեկացնում են, որ առաջիկայում «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը կրկին կհայտարարի մրցույթ երաժշտական հաստատությունների սաների շրջանում: Առավել տաղանդավորները կստանան տարեկան անվանական կրթաթոշակ, ինչպես նաեւ հնարավորություն կունենան մասնակցելու լավագույն մասնագետների կողմից անցկացվող վարպետության դասերին:
Աղբյուր` Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում