Թանգարանների գիշերը Ժողովրդական արվեստի թանգարանում կցուցադրվեն Հերիքնազ Գալստյանի քանդակները

Թանգարանների գիշերը Ժողովրդական արվեստի թանգարանում կցուցադրվեն Հերիքնազ Գալստյանի քանդակները

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը Թանգարանների միջազգային օրվան և Թանգարանների եվրոպական գիշերվան կմիանա նոր ցուցահանդեսով, համերգային և կրթական ծրագրերով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հերիքնազ Գալստյան․Ակունքից՝ տիեզերք» խորագրով ցուցահանդեսը, որը կբացվի մայիսի 18-ին, նվիրված է քանդակագործ Հերիքնազ Գալստյանին և ներկայացնում է նրա ստեղված քարե աշխատանքները, որոնք ժամանակակից արվեստի իսկական գլուխգործոցներ են:

Հեղինակի բացառիկ քանդակներում խորապես արտահայտված է երկխոսությունը քարի և անբացատրելի կապը տիեզերքի հետ:

Ցուցահանդեսի բացումը կզուգորդվի քանդակագործի մասին պատմող ֆիլմով, «Շուշիկի բենդ» և «Տիեզերք բենդ» խմբերի կողմից հայկական ազգային, ժողովրդական, հոգևոր երգերի համերգային ծրագրով:

Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 10-ը:

Մայիսի 18-ին ժամը 12:00-ից մինչև 22:00-ը թանգարանն իր այցելուներին կընդունի նաև Դիլիջանի մասնաճյուղում և Փայտարվեստի ցուցասրահում: Դիլիջանի մասնաճյուղում ժամը 12:00-ից կանցկացվի «Ինքնության դարբնոց» կրթական ծրագիրը՝ տարբեր տարիքի և նախասիրությունների անձանց ծանոթացնելով հայկական ժողովրդական արվեստի գաղտնիքներին և հմտություններին:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ, իսկ Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ ամեն տարի մայիսին անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Հայաստանյան թանգարաններն այս միջոցառմանը մասնակցում են 2005 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում