«Զվարթնոց»-ում կբացվի ժամանակավոր ցուցադրություն

«Զվարթնոց»-ում կբացվի ժամանակավոր ցուցադրություն

Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, ժամը 12-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ»-ի ժամանակավոր ցուցադրություն։ Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, կներկայացվի հայկական ժողովրդական ու դեկորատիվ-կիրառական արվեստն իր բազմազանությամբ ու հարստությամբ:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ունի ժողովրդական արվեստի նմուշների ոչ շատ մեծ, բայց արժեքավոր հավաքածու։ Նշանակալի են՝ գորգերը, կարպետներն ու կարպետագործ իրերը: Հավաքածուն ընդգրկում է պատմական Հայաստանի համարյա բոլոր գորգագործական ու կարպետագործական կենտրոններին վերաբերող իրեր:

Կցուցադրվեն՝ տարբեր տարիներին գործված գորգեր, կարպետներ, անկողնապարկեր, աղի քսակներ, ասեղնագործ ու ժանեկագործ իրեր, ինչպես նաև՝ 20-րդ դարի 2-րդ կեսով թվագրվող դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ՝ փայտի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման և խեցեգործության նմուշներ։

Ցուցադրությունը կտևի մեկ ամիս։

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում