Արցախի համար պարզ է Գյուլի հայտարարության համատեքստը, բայց պաշտոնական խնդրանքի դեպքում Ստեփանակերտը կարող է քննարկել այն
Նմանատիպ
Պաշտոնական Ստեփանակերտը հասկանում է Գյուլի հայտարարության սադրիչ և ռազմամոլ համատեքստը, սակայն պաշտոնական խնդրանքի դեպքում դեմ չէ թյուրքախոս երկրների գագաթնաժողովի անցկացմանը: «Եթե նման ցանկությամբ դիմեն, ապա պաշտոնական Ստեփանակերտը կարող է քննարկել և անցկացնել այն, այնպես, ինչպես շվեյցարական Դավոսում են անցկացվում միջազգային ամենամյա ֆորումներն ու գագաթնաժողովները: Այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում: Այլ բան է, որ Թուրքիայի նախագահն իր այդ հայտարարությամբ ցանկանում է անկայունություն հրահրել և Ադրբեջանին մղել պատերազմական գործողությունների’ հասկացնելով, որ Թուրքիան ևս կմտնի դրանց մեջ: Նման մոտեցումն ապակառոցողական է և ապագա չունի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով Թու րքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հայտարարությունը, որում վերջինս հույս էր հայտնել, որ մի օր թյուրքախոս պետությունների ղեկավարները կհավաքվեն Լեռնային Ղարաբաղում’ ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Վերջինիս խոսքով’ եթե Թուրքիան նման մոտեցում է որդեգրել, ապա դա պետք է մտահոգի և արժանանա միջազգային հանրության, մասնավորապես, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի և այլ կառույցների ու պետությունների համապատասխան գնահատականին: Բաբայանի խոսքով’ Գյուլի նման հայտարարությունները ցույց են տալիս, որ Թուրքիան հուսալի գործընկեր չէ և իր «զրո խնդիր հարևանների հետ» ռազմավարությունն առ ոչինչ է: «Թուրքիան այսօր լուրջ խնդիրներ ունի իր գրեթե բոլոր հարևանների հետ և ոչինչ չի ձեռնարկում դրանք կարգավորելու համար»,- փաստեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը:
Գաբալայում կայացած թյուրքախոս պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահը կրկին չի փայլել դիվանագիտական նրբանկատությամբ’ որպես ԼՂ հակամարտության կարգավորման հիմք նշելով միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը: Ավելին, Գյուլը տեղի է տվել թյուրքական մարմաջներին’ հույս հայտնելով, որ մի օր թյուրքախոս պետությունների ղեկավարները կհավաքվեն Լեռնային Ղարաբաղում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում