Հրաչյա Թամրազյան․ Ողջակիզում

Հրաչյա Թամրազյան․ Ողջակիզում

Ինձ մի սպանիչ թախիծ է պատել`
գոյության թախիծ,
քանզի խորտակվող ու մահակործան
այս տիեզերքում
մենք չենք լինելու,
և մեզ սնուցող արեգակները
և արևները
այրելու են իր խանձարուրի մեջ
մայր մոլորակին…
Բայց ո՞վ կարող է
ցավն այց հրկիզել,
խլացնել ճիչերն
ու անլռելի աղաղակները
ամուլ, ցեղասպան
այս տիեզերքում,
որ չունի դարման ու սպեղանի,
բացի բառերից.
«Մի՛ սպանաներ…»:
Թող այդպե՛ս լինի,
երբ երկիքն ի վեր
անմեղ արյունն է դեռ աղաղակում,
Թող այդպե՛ս լինի,
քանզի գոյության մութ անկյուններում
կրկին ոճրագործ
միտքն է ճենճերում,
և մահակործան
ու դղրդացող
իր տաճարներում
տիեզերքն ինքն է
ողջակիզվելու…

24. 04. 2010

Հետևեք մեզ նաև Telegram-ում