Եվս մի սուրբ մասունք. Տեր Գալուստ քահանայի նահատակությունը
Նմանատիպ
Եվս մի սուրբ մասունք
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ հնում եղել է հռչակավոր վանք՝ կրելով «Սբ. Անանիա առաքյալի անապատ» անվանումը, պահպանել է և՛ դարերի խորքերից եկած իր պատմությունը, և՛ ավանդությունները: Եկեղեցին այսօր հայտնի է հատկապես սուրբ մասունքներով: Այն մեծ համբավ է վայելում Անանիա առաքյալի մասունքների առկայության շնորհիվ, որոնք գտնվում են նրա անունը կրող մատուռ-դամբարանում: Եկեղեցում է գտնվել իր հրաշագործ զորությամբ հայտնի «Զորավոր» ավետարանը, որը տարին մեկ անգամ՝ սբ. Մովսես Տաթևացի հայրապետի հիշատակման օրը, որը 17-րդ դարում եղել է Անանիա առաքյալի անապատի վանահայրը, Մատենադարանից բերվում է եկեղեցի:
Տարիներ առաջ մի բարերարի կողմից եկեղեցուն նվիրաբերվեց Կենաց փայտի մասունքով արծաթյա խաչ, նաև սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքակիր ճաճանչ: Վերջերս եկեղեցում օգտագործվող խաչերից մեկում հայտնաբերվեցին սուրբ մասունքներ: Խաչի մեջ զետեղված են Տերունական խաչափայտի, սբ. Մակարի, սբ. Բարսեղի և երկու անհայտ սրբերի նշխարներ:
Ավանդաբար մեզ է հասել նաև մի տեղեկություն, որ Անանիա առաքյալի շիրմաքարի կողքին ժամանակին եղել է ոմն հոգևորականի պատկանող շիրմաքար, սակայն ժամանակին այն հանել են մատուռից: Սովետական շրջանում մատուռը տրվել է ռուս եկեղեցականներին՝ իրենց ծիսակատարություններն իրականացնելու համար, և հավանաբար նրանք են շիրմաքարը հեռացրել՝ տարածքը մեծացնելու համար:
Հետազոտությունների արդյունքում 17-րդ դարի պատմիչ Զաքարիա Քանաքեռցու աշխատությունում ի հայտ եկան տեղեկություններ այդ հոգևորականի մասին: Պարզվեց, որ տվյալ հոգևորականը Տեր Գալուստ անվամբ մի քահանա է, որ նահատակվել է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքը մահվան գնով անսասան պահելու համար, Տերն էլ հատուկ նշանով փառավորել է նրան, ի ցույց բոլորի երկնքից լույս իջեցնելով Տեր Գալուստի քարկոծված մարմնի վրա: Տեսնելով, որ Տերը նման կերպով փառավորում է Իր սուրբ ծառային, տվյալ ժամանակաշրջանի հայոց հայրապետ Փիլիպոս Սքանչելագործ կաթողիկոսի հրամանով նրան մեծ պատվի են արժանացնում՝ հուղարկավորելով սուրբ Անանիայի մատուռում՝ առաքյալի կողքին:
Ահա այս Աստվածընտրյալ վայրում ի հայտ եկավ ևս մի սրբություն՝ Քրիստոսի օծյալ ծառա և սուրբ նահատակ երանելի Տեր Գալուստի մասունքները:
Այս կապակցությամբ պատվիրվեց մի համեստ խաչքար և տեղադրվեց սուրբ մատուռում՝ ի հիշատակ երանելի Տեր Գալուստ քահանայի:
Թող Տերն Իր քաջ վկայի բարեխոսությամբ օրհնության արժանացնի աշխատանքները նախաձեռնողներին, նրանց, ովքեր իրենց լուման դրեցին խաչքարի պատրաստման համար, և բոլոր նրանց, ովքեր կայցելեն՝ իրենց խոնարհումը բերելու Աստծու սուրբ նահատակ Տեր Գալուստ քահանայի շիրիմին:
Ստորև ներկայացնում ենք Զաքարիա Քանաքեռցու պատմությունից հատված, որտեղ նկարագրված է Տեր Գալուստի նահատակությունը:
Տեր Գալուստ քահանայի նահատակությունը
Երբ պարսիկների ու թուրքերի երկու թագավորների միջև հաշտություն կայացավ՝ Ջաղաթա-Քոթուկ-Մահմադ խանի գնալ-գալով, Շահ Սաֆին նրան պարգև տվեց Երևանի խանությունը, որովհետև Քալբալի խանը մեռել էր 1088 (1639) թվին: Սրա երկրորդ տարում մի մարդ իր կնոջ հետ Բասենից եկավ և բնակվեց Կոտայք գավառի Արամուս գյուղում: Այդ կինը ծննդաբերեց մի որդի, որին հանձնեցին Գալուստ քահանային՝ մկրտելու: Որպես քրիստոնյայի զավակի նրան մկրտեց, բայց ոչինչ չվերցրեց նրանցից՝ նրանց աղքատության պատճառով, փոխարենը նրանց տվեց 12 լիտր (լիտրը հավասար է 12 ֆունտի, մեկ ֆունտը մոտ 400 գրամ է) ցորեն, որպեսզի իրենց համար հաց թխեն:
Օրեր անց կնոջ հայրն ու եղբայրը եկան ու ասացին նրա ամուսնուն՝ «դու մեր աղջկան առևանգեցիր, փախար եկար այստեղ, ինչո՞ւ մեր ինչքն էլ գողացար, և քեզ հետ բերեցիր»: Նրանք հրաժարվեցին ասելով՝ «ինչ որ ասում եք, մենք տեղյակ չենք (դրանից)»: Շատ ասել-լսելուց և նրանց հրաժարվելուց հետո մարդիկ ձանձրացան, գնացին գանգատագիր գրեցին իրենց աղջկա և փեսայի վրա և տվեցին խանին: Խանը կանչեց նրանց և ասաց՝ «տվեք դրանց իրենց ինչքը»: Իսկ նրանք, քանի որ վատնել էին, չկարողացան հատուցել, ուստի ամուսինները մահմեդական դարձան և առավել ևս չարիք գործեցին՝ մատնեցին Գալուստ քահանային, թե՝ «մենք վաղուց կամենում էինք մահմեդական դառնալ, Գալուստ քահանան չթողեց, նաև մեր որդուն մկրտեց, իսկ մեզ ցորեն կաշառք տվեց և ասաց՝ ես ձեզ կպահեմ, միայն դուք մահմեդական մի դարձեք, որպեսզի ձեր հոգին չկորչի»:
Խանը դաժան մարդիկ ուղարկեց, սրանք բերեցին անմեղ քահանային և կանգնեցրին նրա առջև: Խանը ասաց՝ «դու ինչո՞ւ ես մկրտել այս թուրքի որդուն»: Քահանան պատասխանեց՝ «ես չգիտեի, թե նրանք թուրք են, քանի որ նրանք աղաչեցին ինձ, և ես ինչպես մեր կարգն է, արի նրանց ներկայությամբ: Քանզի քրիստոնյաներից շատերն են մահմեդական դառնում, դրանք էլ են դարձել, մենք ի՞նչ մեղք ենք գործել»: Խանը հարցնում է՝ «իսկ ինչո՞ւ ես դրանց ցորեն կաշառք տվել»: Քահանան ասում է՝ «մի՞թե ողորմություն տալը կաշառք է, քանզի քրիստոնյաները սովորություն ունեն ամենքին ողորմություն տալու ըստ մեր Ավետարանի պատվիրանի»:
Խանն ասաց՝ «այդ ասելով կամենում ես ինձնից ազատվել, այդպե՞ս չէ. կամ պիտի մահմեդական դառնաս, կամ չարչարանքով կսպանեմ քեզ»: Քահանան ասում է՝ «Աստված չանի, որ ես թողնեմ իմ հավատը, բայց եթե առանց հանցանքի ինձ սպանում ես, պատրաստ եմ մեռնելու»: Խանը հարցնում է՝ «ի՞նչ հանցանքն է ավելի մեծ քան այս, որ մահմեդականի ծնունդին քրիստոնյա ես արել»: Տեր Գալուստն ասում է՝ «ես ասացի, թե չգիտեի, որ նա մահմեդական է, եթե իմանայի, որ նա մահմեդական է, մեր գյուղ գալու ժամանակ իսկ չէի թողնի այդ մոլորվածին ընդունել մեր ուղիղ հավատը»:
Խանը բարկանալով, հրամայեց նրան ծեծելով բանտ տանել: Եվ երկու մուղրի (օրենսգետ) ուղարկեց և ասաց՝ խրատ տվեք թերևս կարողանաք նրան (մահմեդական) դարձնել:
Գնացին խոսեցին նրա հետ շատ աշխարհիկ խոսքերով: Իսկ երանելի Գալուստ քահանան խորիմաց չէր գրքերի գիտություններին: Բայց աշխարհիկ խոսքերով հանդիմանեց նրանց և ասաց՝ «ձեր առաջնորդն իր բոլոր համախոհներով դժոխքում սատանայի հետ է, ինձ էլ եք հրավիրում նրա մոտ գնալ»: Մուղրիները բարկացան, ելան նրան ոտքերով հարվածեցին և գնացին պատմեցին խանին: Խանը զորականներ ուղարկեց, որ նրա ձեռքերը կապեն, ապա ասաց՝ տարեք արևմտյան դուռը և քարկոծեք: Չար զինվորները նրան բանտից հանեցին և առաջները գցած տարան նրան մահապատժի տեղը՝ մերթ քարշ տալով, մերթ ոտքի վրա, ոմանք ծեծում էին, ոմանք բռնցքահարում, ոմանք ծաղրում էին, ոմանք խթում էին, ոմանք մորուքն էին փետում, ոմանք մազերը, ոմանք թքում էին երեսին, ոմանք հայհոյում, ոմանք նախատում էին, ոմանք չար խրատներ էին տալիս: Այս պատճառով ձանձրացավ Գալուստ սուրբ քահանան, սկսեց նախատել նրանց առաջնորդին ասելով՝ «անիծվի նա և նրան ընդունողը և նա, որ նրան իբրև մարգարե է դավանում»: Ապա խորհեցին քրիստոնյաներ բերել, որ նրան քարկոծեն: Բոլոր քրիստոնյաները փախան: Եվ նրանք բռնեցին ծագումով բոշա մի մարդու և նրան ասացին՝ զարկիր դրան քարով, որ մեռնի: Բայց նա չզարկեց: Նրա ձեռքը դրին պարանի ծայրը և ասացին՝ քաշիր դրան: Պարանը չբռնեց: Բոշային այնքան ծեծեցին մինչև դարձավ կիսամեռ: Ապա հարձակվեցին քահանայի վրա ինչպես մարդ հոշոտող գայլեր և քարկոծեցին երանելի Գալուստին: Եվ նա բարի դավանությամբ հանգավ ի Քրիստոս: Օրը մթնել էր, և սրանք թողնելով նրան քարերի մեջ գնացին: Բերդի պարիսպներից պահապան մահմեդականները տեսան սրբի մարմնի վրա կրակի կայծեր և կարծեցին, թե նենգավոր մահմեդականները նրա մարմինն են այրում, ուստի ձայն տվին խանութպաններին և հարցրին, «այդ ի՞նչ եք անում»: Իսկ նրանք պատասխանեցին, թե՝ «լույս է և ոչ թե կրակ»: Երբ լուսացավ, բերդապահները գնացին, խանին պատմեցին: Խանն ասաց՝ «ես բռնի կերպով քահանային ուղարկեցի Աստծու արքայություն»: Ապա քրիստոնյաներին հրամայեց վերցնել նրան և թաղել ըստ իրենց կարգի: Այդ պատճառով բազմաթիվ քահանաներ ու ժողովուրդ եկան, մարմինը, քարերն ու արնաշաղախ հողը վերցրին, տարան թաղեցին Երևանի անապատում` Անանիա առաքյալի մոտ:
Սուրբ քահանա Գալուստը նահատակվեց 1089 (1640) թվին (Զատկի) քառասնօրյա պասի օրերին՝ Փիլիպոս կաթողիկոսի ժամանակ:
Զաքարեա սարկաւագի պատմագրութիւն, հատոր երկրորդ, գլուխ ի, Վաղարշապատ ՌՅԻ-1870:
Պատրաստեց Աշոտ ուրարակիր Արևշատյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում