Ադրբեջանցիները պահանջել են Ալիևի հրաժարականը
Նմանատիպ
Ադրբեջանի դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» դաշինքի կողմից երեկ Բաքվում անցկացված միտինգի մասնակիցները պահանջել են երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հրաժարականը: Ալիեւն արդեն երրորդ ժամկետում Ադրբեջանը ղեկավարելու համար թեկնածու է գրանցվել հոկտեմբերի 9-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում: Իշխանությունները միտինգի անցկացման համար թույլատրել են Բաքվի ծայրամասում գտնվող «20-րդ հատված» կոչվող վայրը:
Ինչպես հաղորդում է «Ազադլըգ» թերթը, միտինգը, որին մասնակցել են ընդդիմության հազարավոր համակիրներ, անցկացվել է «Ազատ եւ արդարացի ընտրություն», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ալիեւ, հրաժարական տուր» կարգախոսներով: Միտինգին մասնակցել են նաեւ ադրբեջանական բանակում խաղաղ պայմաններում կասկածելի հանգամանքներում մահացած զինծառայողների ծնողները: Ոստիկանությունը պատառոտել է իշխանության դեմ կարգախոսները: Այդ պատճառով նրանց և միտինգավորների միջեւ դիմակայության ժամանակ ոստիկանությունը հարձակվել է մահացած զինվորների մայրերի վրա, քաշքշել նրանց, ինչի արդյունքում ջարդվել եւ պատառոտվել են նաեւ բանակում մահացած զինվորների լուսանկարները:
Իշխանությունները ակցիայի զանգվածայնությունը խոչընդոտելու համար նախորդ օրվանից սկսած ձերբակալել են բազմաթիվ ակտվիստների, արգելքներ հարուցել շրջաններից եւ Բաքվի տարբեր թաղամասերից միտինգի եկողներին: Միտինգում ելույթ ունեցողները կոչ են արել ժողովրդին միավորվել «հանցավոր ռեժիմի դեմ պայքարին» եւ հայտարարել, որ թույլ չեն տալու Իլհամ Ալիեւին երրորդ անգամ նախագահ դառնալ:
Միտինգի ավարտին ընդունված հայտարարության մեջ մասնակիցներն իշխանությունից պահանջել են ազատ եւ դեմոկրատական ընտրություններ անցկացնել, վերացնել կոռուպցիան երկրում, ապահովել տներն ապօրինաբար քանդված քաղաքացիների իրավունքները, դատապարտել երիտասարդների եւ լրագրողների դեմ բռնաճնշումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում