Ադրբեջանի բանակը հերթական կորուստն է ունեցել
Նմանատիպ
Ադրբեջանում ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում զոհվել է հերթական զինծառայողը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ԱզերիՊրես»-ը հայտնում է, որ վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը 07:00-ին Բաքու-Ղազախ ավտոմայրուղու վրա’ Ուջարի շրջանի Ալփը գյուղի տարածքով անցնող հատվածում:
Բարձր արագությամբ ընթացող մարդատար ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» բեռնատարին: Արդյունքում մարդատար ավտոմեքենայի վարորդ Հաֆիզ Անվեր օղլու Հեյդարովը (ծնվ. 1985 թ.) տեղում մահացել է: Նրա մարմինը ավտոմեքենայից հանել են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: Հաֆիզ Հեյդարովը ծառայում էր Ադրբեջանի ՊՆ Քյուրդամիրի շրջանում տեղակայված զորամասերից մեկում: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
2013 թ-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակը կորցրել է 58 զինծառայող, որոնցից 51-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 72 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Միայն ավտոճանապարհային պատահարների արդյունքում ադրբեջանական բանակում զոհերի թիվը կազմում է 12 զինծառայող:
Հետևեք մեզ նաև Telegram-ում