Թուրքիայում չի կատարվում հայկական եկեղեցին պահպանության տակ առնելու որոշումը
Նմանատիպ
Թուրքիայի Թոքաջլը գյուղում գտնվող հայկական Բաշվանք եկեղեցու սեփականատեր Յըլմազ Յամաջը հայտարարել է, որ թուրքական կառավարությունը չի կատարում հայկական պատմական եկեղեցին պահպանության տակ առնելու իր որոշումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ակոս» թերթը, Յըլմազը դեռեւս 2012 թ-ին դիմել է Թուրքիայի մշակույթի նախարարությանը եւ այժմ պահանջում է, որ կառավարությունը կատարի եկեղեցին որպես մշակութային ժառանգություն պահպանության տակ առնելու իր իսկ որոշումը: Նրա խոսքով’ գյուղացիները շարունակում են եկեղեցին որպես ախոռ օգտագործել, այնտեղ պահում են իրենց կենդանիներին եւ նրանց համար նախատեսված խոտը:
«Մեր մանկությունն անցկացրել ենք այդ եկեղեցում. մենք այնտեղ խաղում էինք: Երբ գյուղ եմ գնում, տեսնում եմ, որ եվրոպացի զբոսաշրջիկները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում եկեղեցու նկատմամբ: Նրանք արդարացիորեն զայրանում են թուրքերի վրա եւ հարցնում. «Դուք ձեր մզկիթներում կենդանիներ պահու՞մ եք»: Ես պատրաստ եմ եկեղեցու սեփականության վկայականը փոխանցել հայկական համայնքին: Ուզում եմ, որ նման գեղեցիկ պատմական կոթողը չկորչի», -ասել Յամաջը:
Թերթը հայտնում է, որ չնայած եկեղեցին տարիներ շարունակ անուշադրության է մատնվել, այն չի կորցրել իր նախկին վեհությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում