«Հույս ունեմ` Հենրիխը սեպտեմբերին կմիանա և կօգնի մեզ». Խոակին Կապառոս
Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Խորվաթիա–Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ նախախաղային ասուլիս է տվել և խոսել Հենրիխ Մխիթարյանի մասին, գրում է Sputnik Armenia-ն:
Ասուլիսի ընթացքում հարցրել են, թե ինչու է հավաքականի հայտացուցակից բացակայում Մխիթարյանի անունը:
«Ես շատ եմ անդրադարձել այս հարցին, հիմա ևս մեկ անգամ կասեմ։ Մենք ընկերական երկու հանդիպում ենք անցկացնելու, որոնց ընթացքում ես ցանկանում եմ նոր ֆուտբոլիստների հնարավորությունները ստուգել, և սա ամենալավ հնարավորությունն է դա անելու։ Ես բազմիցս նշել եմ, որ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է: Նա շատ կարևոր է մեր հավաքականի համար, և արդեն պաշտոնական հաջորդ խաղերին, որոնք կկայանան սեպտեմբերին, հույս ունեմ, որ Հենրիխը կմիանա և կօգնի մեզ: Առջևում մեզ հաճելի, բայց միևնույն ժամանակ շատ բարդ մարտահրավեր է սպասում, և մենք մեծ խանդավառությամբ ենք մոտենում դրան»,–ասել է Կապառոսը:
Նա ընդգծել է, որ ոչ մեկը չի կարող ազդել իր կայացրած որոշումների վրա։
«Մի բան կցանկանայի հստակեցնել` ես 40 տարվա մարզչական փորձ ունեմ, և ոչ ոք երբևիցե չի կարողացել կազմի ընտրության հարցում ինձ վրա ազդել: Մենք պետք է ուժեղացնենք այն ֆուտբոլիստներին, որոնք այժմ գտնվում են մեր տրամադրության տակ»,–ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում