Հունիսի 15-ից կվերականգնվի երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և Վրաստանի միջև
Նմանատիպ
Երևան-Թբիլիսի-Բաթում երթուղով երկաթուղային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր համավարակի պատճառով, կվերականգնվի հունիսի 15-ից։ Այս մասին հաղորդել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան։
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային ուղևորափոխադրումը վերականգնված է։ Հունիսի 15-ին կմեկնի Երևան-Թբիլիսի-Բաթում առաջին գնացքը։ Սա նշանակում է, որ հարևան երկրի զբոսաշրջիկները, որոնք ավանդաբար այցելում են Վրաստան, կարող են ժամանել մեր սևծովյան հանգստավայրեր, մայրաքաղաք և ճամփորդել մյուս զբոսաշրջային ուղղություններով»,- ասել է Տուրնավան։
Վրաստանի երկաթուղու հաղորդագրության համաձայն՝ տոմսերը կսկսեն վաճառվել մոտակա օրերին։
Հայաստանից զատ, բանակցություններ են տարվում նաև Ադրբեջանի երկաթուղու հետ։ Թբիլիսի-Բաքու-Թբիլիսի ուղղությունը կվերականգնվի՝ հենց բացվի հարևան երկրի հետ ցամաքային սահմանը։
Հայաստանը Վրաստան մեկնող այցելուների թվով առաջատարների հնգյակում է։ Վրաստանի Զբոսաշրջության ազգային գործակալության տվյալներով՝ 2021 թ-ի ապրիլին Հայաստանից Վրաստան է մեկնել 8 331 այցելու, ինչը 3,9 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը։
Աղբյուրը՝ Jam-news.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում