Բարոյական առաջնահերթությունները կյանքում
Նմանատիպ
Փրկիչը, դիմելով աշխարհին և մարդկանց, նրանց համար փրկության հեշտ ուղիներ չխոստացավ: Հետևաբար՝ մեր քրիստոնյա հոգևոր կյանքի ողջ ընթացքն այդ նեղ ճանապարհով ընթանալու քաջությունն է, և ամեն անգամ մի նոր հոգևոր ճշմարտություն բացահայտելը:
Հիսուս պատվիրեց. «Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կյանքի համար հոգ մի՛ արեք, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, և ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք. չէ՞ որ կյանքը ավելին է, քան կերակուրը, և մարմինը՝ քան զգեստը: Նայեցե՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ հավաքում. և ձեր Երկնավոր Հայրը կերակրում է նրանց . չէ՞ որ դուք ավելին եք քան նրանք: Եվ արդ, ձեզնից ո՞վ կարող է հոգս անելով՝ իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել: Եվ հագուստի համար ինչո՞ւ եք հոգս անում . նայեցեք վայրի շուշանին, ինչպե՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում և ո՛չ հյուսում: Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ, իր ամբողջ փառքի մեջ, չհանգնվեց նրանցից մեկի նման: Իսկ եթե դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց կնետվի, այդպե՛ս է հագցնում Աստված, որքա՜ն ևս առավել ձեզ, թերահավատնե՛ր: Այսուհետև հոգ մի՛ արեք ու մի՛ ասեք՝ ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում . քանի որ ձեր Երկնավոր Հայրը գիտե, թե այդ բոլորը ձեզ պետք է: Նախ խնդրեցե՛ք Աստծո արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա: Այսուհետև հոգ մի՛ արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրը իր մասին կհոգա . օրվա հոգսը բավ է օրվա համար» (Մատթ. 6.25-34):
Այս պատգամն աշխարհիկ կյանքով ապրող և նման մտածողություն կրող մարդուն կթվա պարզապես անիրական, քանի որ հարց է առաջանում` իմ փոխարեն ո՞վ պետք է հոգա իմ վաղվա օրվա մասին:
Հիսուս կատարյալ Աստված լինելուց զատ, նաև կատարյալ մարդ էր: Եվ Հիսուս երբևէ չժխտեց և չարհամարհեց այն երևույթները, որոնք անհրաժեշտ էին մարդու ֆիզիկական կեցության համար, քանզի մարդու ֆիզիկական մարմինը նույնպես Աստված է ստեղծել: Հիսուս պարզապես ընդգծեց, որ դա չէ մեր կյանքում ամենից կարևորն ու առաջնայինը: Եվ եթե մարդ ապրում է մի միայն հանուն մարմնի և իր ֆիզիկական կեցության, արհամարհելով ամենակարևորը՝ հոգին, այնժամ նա երբևէ չի կարող հասնել հոգևոր կատարելության:
Քրիստոս զգուշացնում է մարդկային հոգու առաջնահերթությունը մոռացության մատնելու, ինչպես նաև աշխարհիկ կյանքում ընդունված կանոններն իբրև կյանքի միակ հիմք և ճշմարտություն ընդունելու կործանարար ընթացքի համար:
Սակայն երբ մեզնից յուրաքանչյուրը պարզապես մի պահ կփորձի մի կողմ դնել նյութական և արտաքին աշխարհում ընդունված բոլոր անցողիկ և ոչ մնայուն կանոնները և կցանկանա մի պահ մոտենալ Աստծուն և ճանաչել Նրա էությունը, միայն այնժամ կհասկանա, թե մարդկային կյանքում առաջին հայացքից անհավանական թվացող պատգամները որքան հեշտ իրագործելի և հնարավոր են: Եվ դա կհասկանա, քանզի այնժամ կլինի ոչ թե նյութական աշխարհում ընդունված կեղծ օրենքների գերին, այլ իր Երկնավոր Հոր մի մասնիկը:
Արմեն Չաքմիշյան
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում