Եկեղեցու համայնքն իր մասնակցությունը բերեց Մայր Տաճարի հիմնանորոգման սուրբ և պատվաբեր գործին
Նմանատիպ
Հայ ազգի գոյության, նրա փառքի և բարեկեցության համար շատ սերունդներ են գործել ու մաքառել: Դարավոր ժառանգությունը՝ ազգային եկեղեցին, լեզուն, գրականությունը, մշակույթը, որ ստացել ենք մեր հայրերից, նրանց հավատքի, անձնվիրության և հերոսական ոգու պտուղներն են: Իսկ ժառանգածը՝ որպես սրբություն, պահպանելն ու շենացնելը յուրաքանչյուր հայորդու բարոյական և սրբազան պարտականությունն է ու պատիվը: Հայ քրիստոնյայի համար անգին ժառանգություն է աստվածային ծագում ունեցող, եկեղեցիների մայրը հանդիսացող Էջմիածնի Մայր Տաճարը: Մի սրբավայր, որի սուրբ անվան հետ է կապված Հայ եկեղեցու դարավոր պատմությունը: Դարեր շարունակ Ս. Էջմիածինը եղել ու մնում է հայ ազգի մեծագույն սրբավայրն ու ուխտատեղին, Հայ եկեղեցու անփոխարինելի կենտրոնը, Հայրապետական աթոռանիստը: Դարեր շարունակ Մայր Տաճարի սուրբ կամարներից ներս երջանկահիշատակ բազում հայրապետներ ու հոգևոր հայրեր են իրենց աղոթքը վերառաքել առ Տեր:
Հայ եկեղեցու սրբազան կենտրոնը՝ Մայր Աթոռը, մշտապես սատարել է ազգի միասնականությանը և զորավիգ հանդիսացել հայ պետության հզորացմանը: Պատմական փոթորիկների և հալածանքների ժամանակ, երբ հայ ժողովուրդը կորցրել է իր անկախությունը և ընկել օտար լծի տակ, Մայր Աթոռն իր վրա է վերցրել ազգապահպան առաքելությունը և պատվով կատարել իր պարտքը հայրենիքի հանդեպ: Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու զավակը բացառիկ սիրով է կապված Մայր Տաճարին: Սուրբ Էջմիածինն ամեն մի հավատավորի սրբություն սրբոցն է:
Ինչպես դարեր շարունակ, այնպես էլ այժմ հայ քրիստոնյան չի մոռանում իր բարերարին և մաքուր սրտով միշտ աղոթք է վերառաքում առ Տեր՝ հայցելով. «Միշտ անշարժ պահեա զԱթոռ Հայկազնեայց»: Աղոթք է վերառաքում առ Տեր և ջանք թափում՝ հանուն Մայր Տաճարի պայծառացման ու շենացման: Այդ ջանքերը տարբեր ժամանակներում կյանքի են կոչվել և Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը մասնակի վերանորոգումների ենթարկվել է, իսկ 2017 թ-ից սկսվել են Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքները: 2019 թ․ հունիսի 23-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբատառ կոնդակով համայն հայությանն ուղղեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Եկե՛ք կառուցենք լույսի Սուրբ Խորանը» կոչը, որին արձագանքեցին ոչ միայն հայաստանաբնակ, այնպես էլ աշխարհասփյուռ հայերը:
Տաճարի հիմնանորոգման սուրբ և պատվաբեր գործին իրենց մասնակցությունը բերեց նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը: Հունիսի 16-ին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ի նպաստ Մայր Տաճարի հիմնանորոգության և բարեզարդության, Մայր Աթոռին փոխանցեց 500 000 դրամ, որ տրամադրել էին համայնքից՝ Խաչատրյան Լարիսան (50 000 դրամ), Աբրահամյան Ալեքսանդրը (50 000 դրամ), Դալլաքյան Արփին (50 000 դրամ), Աբրահամյան Միքայելը (50 000 դրամ), Աբրահամյան Գաբրիելը (50 000 դրամ), Դալլաքյան Արամայիսը (50 000 դրամ), Բալույան Արաքսյան (50 000 դրամ), Դալլաքյան Անին (50 000 դրամ) և Աբրահամյան Ալեքսանդրն իր հոր՝ Աբրահամյան Սլավիկի հիշատակին նվիրված (100 000 դրամ):
«Լինենք արթուն, արդար ու արի, պահենք Սուրբ Էջմիածինը՝ մեր լույս հավատքի վեմը, մեր հոգիների փրկության ճանապարհը, մեր ազգի մայր դաստիարակը, մեր սիրո միությունը ամբողջ ու անխռով»,- ասել է երջանկահիշատակ Վազգեն Ա հայրապետը:
Կարինե Սուգիկյան
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում