Ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների. ՀՊՏՀ-ում բեմադրվել է «Իմ անուշ տղա» պիեսը
Նմանատիպ
Թատերագիր Անահիտ Աղասարյանի և դերասանուհի-բեմադրիչ Տաթևիկ Ղափլանյանի «Իմ անուշ տղա» պիեսի բեմադրությունն այսօր Տնտեսագիտական համալսարանում թատերական իրադարձության է վերածվել, ոգեկոչել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։
Այս մասին հայտնում են ՀՊՏՀ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Անդրադառնալով բեմադրության մտահղացմանն ու իրագործմանը՝ նախաձեռնության հեղինակ ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, դոցենտ Լիլիթ Դադայանը նշել է. «Տարիներ առաջ եմ դիտել Տաթևիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ անուշ տղա»-ն՝ նվիրված նրա որդու հիշատակին: Հուզիչ էր, ազդեցիկ, լուսավոր և մինչև հոգու խորքը ցնցող: 44-օրյա պատերազմում ՀՊՏՀ-ն կորցրեց իր 28 ուսանողներին: Տղաների հիշատակին նվիրված միջոցառումների շարքում առաջին մտահղացումս այդ ներկայացումը կյանքի կոչելն էր: Բեմադրությունը որդուն կորցրած մոր տառապանքների, հերոսացումի ու լավատեսության մասին է: Հույս ունեմ՝ պատերազմի արհավիրքով անցած մեր որդեկորույս մայրերի հոգիներում այն ապրելու ցանկություն կառաջացնի»:
Ներկայացումն ավարտվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով և նրանց հերոսացման արժևորմամբ:
ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը շնորհակալություն է հայտնել դերակատար ուսանողներին, Լիլիթ Դադայանին՝ հրաշալի բեմադրության համար, ինչպես նաև՝ ներկայացմանը ներկա՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին՝ նշելով, որ դերակատարներից մեկը այդ ինստիտուտի ուսանող է: Ռեկտորը նաև երախտագիտության խոսք է հղել թատերագիր Անահիտ Աղասարյանին:
«Պատերազմի ավարտից հետո մի քանի միջոցառում ենք նվիրել մեր զոհված ուսանողներին, այսուհետ ևս, անկախ նրանից, թե ինչ ձևաչափով կկազմակերպենք, նորից, ինչպես այս ներկայացումը, կլինի մեր խոնարհումը նրանց հիշատակի առջև և մեր հավաստիացումը՝ տղաները հավերժ մեր սրտերում են»,- ասել է Դիանա Գալոյանը:
Աղբյւուր՝ Tert.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում