Մեր մշակույթը շատ ավելի բարձր է, քան որևէ քաղաքական լիդեր կամ ուժ. Համլետ Պետրոսյան
Նմանատիպ
«Նախորդ փորձերը ցույց են տալիս, որ Հայաստանում այդպես էլ չի ձևավորվում մասնագիտական հանրույթի գիտելիքի և հմտությունների հիման վրա ձևավորվող մշակութային քաղաքականություն: Ամեն մի նախագահ, վարչապետ իր ճաշակը, գաղափարն ունի, ու այն այս կամ այն չափով արտացոլվում է ընդհանուր մշակութային գործընթացում, և դա ամենավատ տենդենցներից մեկն է»,- մեզ հետ զրույցում ասաց պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ շատ հայտարարություններ կարելի է անել, սակայն առաջնայինը մասնագիտական հանրույթին դիմելն է:
«Որևէ քաղաքական ուժ չի կարող հռչակել, իրականացնել մշակութային քաղաքականություն՝ առանց այդ ասպարեզի մասնագիտական, գիտական ներուժը օգտագործելու: Արցախյան երկրորդ պատերազմից հետո միջազգային տասնյակ կազմակերպություններ, գիտական ընկերություններ, ՀՀ ԱԳՆ-ն դիմել են մեզ, աջակցել ենք, օգնել, սակայն զարմանալիորեն քաղաքական որևէ ուժ որևէ դիմում չի ներկայացրել, որևէ խորհրդակցության չի հրավիրել, թե իրենց ծրագրում մշակութային քաղաքականությունը կամ մշակույթը ինչ դեր պետք է խաղա: Ժամանակին գրել եմ, իհարկե, միանշանակ՝ Մշակույթի նախարարությունը պետք է լինի առանձին, ինքնուրույն: Մեր մշակույթը շատ ավելի բարձր է, քան որևէ քաղաքական լիդեր կամ ուժ»,- նշեց հնագետը:
Աղբյուր՝ 168.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում