Ռուսական նավթը կհոսի Բաքու-Ջեյհանով

Ռուսաստանյան «Ռոսնեվթ» ընկերության հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Նովոռոսիյսկ-Բաքու նավթատար խողովակաշարով տարեկան 5 մլն տ նավթ փոխադրելու մասին: Այդ նավթի մի մասը կվերամշակվի Բաքվում, իսկ մյուս մասը Բաքու-Ջեյհան նավթատար խողովակաշարով կփոխադրվի եվրոպական շուկաներ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով contact.az լրատ վական կայքը, լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլլաեւը:

Պարզաբանելով նման կոոպերացիայի նպատակները, Աբդուլլաեւն ասել է, որ «Ռոսնեվթ»-ը աշխարհի խոշորագույն ընկերություններից է, որը տարեկան 200 մլն տ նավթ է արդյունահանում: «Այսօր մեր երկու երկրների ընկերությունների միջեւ գործընկերություն է կարգավորվում նավթի փոխադարձ շահավետ իրացման հարցում», -ասել է SOCAR-ի ղեկավարը:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակաշարով ադրբեջանական հանքահորերից նավթը փոխադրվում է Թուրքիայի միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստ, եւ այնտեղից լցանավերով Եվրոպա եւ Ասիա:

Ինչպես երեւում է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի’ օգոստոսի 13-ին Բաքու կատարած այցին ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էլ ռուսական նավթը Բաքու-Ջեյհանով Եվրոպա եւ Ասիա փոխադրելն է եղել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում